ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկկողմանի փակ է:
Ուժեղ քամու և առատ ձյան հետևանքով դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, ձնաբքի հետևանքով դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը, ուր առկա է նաև խիտ մառախուղ: Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ավտճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հրազդան, Ապարան և Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերում բուք է, տեղում է ձյուն:
Բուք է նաև Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին` Ցողամարգ գյուղի հատվածում: Խորհուրդ է տրվում չերթևեկել նշված հատվածով:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: