Տոնական օրերին հակառակորդը ակտիվություն է ցուցաբերում և խախտում է զինադադարի ռեժիմը, բայց Պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը և ցանկացած նման ոտնձգություն կասեցվում է, հակառակորդն էլ կրում է բավական մեծ վնասներ, «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է հրապարակել, և նշում է, որ հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ: Պատասխանելով «Ազատություն» հարցին, թե կարելի՞ է ասել, որ հրադադարի խախտումներն ավելի ինտենսիվ են դարձել, Բաբայանը պատասխանեց․ - «Համեմատած հուլիս-օգոստոս ամիսներին՝ չի հասել այդ չափանիշին, բայց սովորաբար շաբաթվա կտրվածքով է լինում 300-350 խախտում, հիմա, փաստորեն, մեկ-երկու օրվա ընթացքում շաբաթվա պլանը, այսպես ասած, տալիս են, բայց սա որևէ ձևով չի ազդում ռազմաքաղաքական հավասարակշռության վրա և ռազմական իրավիճակի որևէ փոփոխություն չի գրանցում այդ խախտումների հետևանքով, սա պարզապես հակառակորդի ապակառուցողական քաղաքականությունն է, որը նաև իր համար կորստաբեր է լինում: Բնական է, որ նորմալ տրամաբանությունը չի կարող բացատրել, թե ինչու են նրանք նման քայլերի դիմում»: