Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հետ շփման գծում իրականացված դիվերսիոն գործողությունները, որոնց հետևանքով կան մարդկային կորուստներ։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։
«Այս հերթական սադրանքով Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքները, որոնք հնչեցվում են այդ երկրի ղեկավարության անգամ ամանորյա ելույթներում», - շեշտում է Արտգործնախարարությունը՝ շարունակելով. - «Սա կոպիտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հատկապես կրոնական տոների նախաշեմին և ընթացքում, սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից զերծ մնալու կոչերի նկատմամբ»։
Հայաստանի արտգործնախարարության համոզմամբ՝ վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի իր հորդորներին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը: