Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հետ հանդիպումը նաիրիտցիների համար ոչինչ չփոխեց։ Նրանք տարին փակում են առանց 18 ամիսների աշխատավարձը ստանալու։
Դեռ առավոտից գործարանի աշխատողները հավաքվել էին նախագահի նստավայրի մոտ։ Մոտ մեկ ժամ սպասելուց հետո ցուցարարներին տեղեկացրին, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը պատրաստ է ընդունել օրվա երկրորդ կեսին, նաիրիցիների սպասելիքները, սակայն, մեծ չէին։ Հիշում են՝ Երվանդ Զախարյանը դեռ նոյեմբերին իրենց խոստացել էր, որ հասանելիք գումարները կստանան մինչև այդ ամսվա 20-ը։
«Նախարարը հերքեց, որ տենց բան չի ասել։ Բայց Երվանդ Զախարյանը առանց նախագահի խոսքի ո՞նց կարա տենց բան ասի։ Ամբողջը՝ 18 ամիսների աշխատավարձն էին խոստացել»։ ։
Շաբաթ օրը բաժնետերերի խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանը հանդիպել էր գործարանի աշխատողների հետ և կրկին խոստացել, որ աշխատավարձերն անպայման վճարվելու են։ Գործարանի աշխատողները, սակայն, նշում են, որ այսպիսի խոստումներ իրենք բազմիցս լսել են։ Նրանք կարծում են, որ նաև բաժնետերերի խորհրդի նախագահի ստեղծած նոր բաժինների ու անհիմն հաստիքների պատճառով են գործարանի գումարները փոշիացվել։
«Սովետի ժամանակ գլխավոր դիրեկտորը որակյալ բանվորից 10-20 ռուբլով էր ավելի ստանում։ Իսկ դիրեկտոր Մելքոնյանը ստանում է 7 միլիոն՝ բանվորներից 100 անգամ ավելի։ Զամդիրեկտորնն էլ 2-3 միլիոն։ Ամեն զամդիրեկտոր էլ 2-3 խորհրդական էր պահում»,- ասում էր աշխատակիցներից մեկը։
Նաիրիտցիներից շատերին հետաքրքրում է նաև, թե իրենք ի՞նչ պետք է անեն փետրվարի 6-ից հետո։ Այս ամսվա ընթացքում 2000-ից ավելի աշխատող աշխատանքից ազատման ծանուցագիր է ստացել։ Պարզ չէ նաև, թե արդյոք այն 400 աշխատողները, ում խոստացել են ետ ընդունել, փետրվարից նորից կկարողանան աշխատել, թե՝ ոչ։
«Մենք ուզում ենք աշխատենք, բայց կառավարությունը չի թողում, որ աշխատենք»։
«Աշխատանք է մեզ պետք, աշխատանք։ Եկել ենք թեկուզ էլի աշխատավարձների համար, բայց հիմնականը աշխատանքն է մեզ պետք, որ 2500 բանվոր անգործության չմատնվի, այ, դա է մեզ հետաքրքրում»։
Էներգետիկայի նախարարը գործարանի պատվիրակությանը ընդունեց աշխատանքային օրվա ավարտին։ Մոտ 1.5 ժամ տևած քննարկումից հետո գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ խոսել են, թե ինչ ճանապարհներով կարող են աշխատավարձերը վճարվել։ Այս պահին անորոշ է և ֆինանսական աղբյուրների, և ժամկետների հարցը։
«Խուսափում են ժամկետ նշելուց, մենք հասկանում ենք՝ ինչու չեն ասում, որովհետև մի անգամ ժամկետ ասվել է, չի կատարվել»,- ասաց Թադևոսյանը։