«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողները տեղեկացրել են, որ ոստիկանությունը անհատապես հետապնդում է իրենց, այցելում բնակարաններ և հրավիրում հարցաքննության այն բանից հետո, երբ ուրբաթ օրը վեց ժամ տևած խուզարկությունից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները կապարակնքեցին ռադիոկայանի գրասենյակը:
Դեկտեմբերի 27-ին ուշ երեկոյան ոստիկանները այցելել են ադրբեջանական ծառայության առնվազն չորս լրագրողների և պահանջել են իրենց հետ այցելել դատախազություն` հարցաքննության: Եվս ութ լրագրողի հարցաքննության են կանչել երկուշաբթի օրը:
«Ազատության» Բաքվի գրասենյակի իրավախորհրդատուները տեղի ունեցածը բնութագրում են «աննանախադեպ` անգամ ադրբեջանական չափանիշներով»:
«Մարդկանց ուժով և սպառնալիքներով քարշ են տալիս դատախազություն», - հայտնել է փաստաբաններից մեկը, ով խնդրել է չհրապարակել իր անունը անվտանգության նկատառումներից ելնեով: - «Իշխանությունները նրանց զրկում է օրինական պաշտպանությունից օգտվելու իրավունքից, չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական օրենքների համաձայն վկաները պետք է հրավիրվեն հեռախոսազանգի կամ պաշտոնական ծանուցագրի միջոով, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ապահովել փաստաբանի ներկայությունը»:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեիչը դատապարտել է ոստիկանության գործողությունները, նշելով, որ ադրբեջանական իշխանությունները` «ահաբեկում են մեր աշխատակազմին և նրանց ընտանիքներին»:
Ոստիկանությունը սպառնացել է բռնի կերպով հարցաքննության տանել «Ազատության» ադրբեջանական ծառայության այն աշխատակիցներին, ովքեր պահանջել են, որ իրենց փաստաբան տրամադրեն հարցաքննության ժամանակ: Ադրբեջանական ծառայության իրավաբաններից մեկը, ով պահանջել է, որ հարգվեն իրավական խորհրդատվություն ստանալու` իր պաշտպանյալների իրավունքները, սպառնալիքներ է ստացել գործով ավագ քննիչ Իքբալ Հուսեյնովից:
Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղկալ Սիյավուշ Նովրուզովը, մեկնաբանելով ուրբաթ օրը «Ազատության» գրասենյակի խուզարկության փաստը, ասել է, որ դա ազգային անվտանգության խնդիր է:
«Ցանկացած կազմակերպություն, որն աշխատում է օտարերկրյա հատուկ ծառայությունների և հայկական լոբբի համար, պետք է խուզարկվի», - ասել է իշխող կուսակցության ներկայացուցիչը: