ԼՂ վարչապետն ամփոփում է տարին

Լուսանկարը՝ ԼՂ կառավարության

Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված սպառողական զամբյուղի ապրանքատեսակների մասով մաքսերի փոփոխություն չի նախատեսվում, հետևաբար, դրանց գներն էլ տարիներ շարունակ չեն փոխվելու, այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

Լեռնային Ղարաբաղի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ԼՂ վարչապետը նշել է, որ, ըստ պայմանավորվածության, մաքսային տոկոսադրույքների չափերի փոփոխությունն իրագործվելու է փուլային սկզբունքով, որպեսզի այն սոցիալական ցնցումների պատճառ չդառնա։

ԼՂ գործադիրի ղեկավարի խոսքով՝ առաջիկա ամիսների ընթացքում, երբ ուժի մեջ մտնի նոր մաքսային ռեժիմը, հնարավորություններն ու խնդիրներն ավելի տեսանելի կլինեն, և Կառավարությունը համապատասխան հետևություններ կանի դրանցից:

Անդրադառնալով վերջին շրջանում արձանագրված արտարժույթի փոխարժեքի տատանումներին և դրանց հետևանքով գրանցված գնաճին՝ Հարությունյանը նշել է, որ այդ անկայունությունը լրջագույն մարտահրավեր է տնտեսության համար՝ ընդգծելով, որ Կառավարությունը պատրաստ է լրացուցիչ գործիքներ կիրառել ծագող սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով: