Օհանյան. Տոներին պետք է կենտրոնացնել ջանքերը հակառակորդի ոտնձգություններից զերծ մնալու համար

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների նախաշեմին, ինչպես նաև տոնական և հետտոնական օրերին պետք է առավել կենտրոնացնել ջանքերը, պատճաշ և բարձր մակարդակով իրականացնել բոլոր միջոցառումները` հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար, այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած կենտրոնական ապարատի ղեկավար կազմի տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցության ժամանկ։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում տեսակապի միջոցով հաշվետու զեկույցներ են ներկայացրել նաև բանակային զորամիավորումների հրամանատարները՝ ենթակա զորամասերում անցկացված ամփոփիչ ստուգումների նախնական արդյունքների, տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին։

Պաշտպանության նախարարը հրահանգել է խիստ հետևողական լինել զորամասերում անհրաժեշտ ջեռուցման պայմաններն ապահովելու, անձնակազմի ցրատահարության դեպքերը բացառելու, ինչպես նաև ժամկետային զինծառայողների, հատկապես նորակոչիկների առողջական գանգատների նկատմամբ։