ԿԲ նախագահը առաջիկա ամիսներին «ֆինանսական կայունություն» է խոստանում

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր հայտարարել է, թե արդեն իսկ գործի դրված միջոցառումները առաջիկա ամիսներին երաշխավորելու են ֆինանսական շուկայի կայունությունը: Այդ մասին ԿԲ նախագահը հայտարարել է Կենտրոնական բանկում 2014 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ:

«Ցանկանում եմ երախտիքի խոսքս ուղղել մեր այն քաղաքացիներին և տնտեսվարողներին, ովքեր վստահում են դրամին` մեր անկախության և պետականության կարևոր խորհրդանիշներից մեկին և շեշտել անկախ միջազգային փորձագետների կարծիքը, որ հայկական դրամը զարգացող երկրների և հատկապես մեր տարածաշրջանի երկրների ամենակայացած արժույթներից է: Նրանք, ովքեր վստահեցին ազգային արժույթին և անհարկի գործարքներ չիրականացրեցին, զերծ մնացին արտարժույթի փոխարկումների արդյունքում առաջացած վնասներից», - իր ելույթում ասել է Ջավադյանը:

Վերջինիս խոսքով, ներկայումս էլ շատ տնտեսվարող սուբյեկտներ փորձում են արհեստականորեն, զանազան ուղիներով ձևավորել դրամի արժեզրկման սպասումներ՝ փորձելով մեղմել իրենց իսկ սպեկուլյատիվ գործարքների արդյունքում ձևավորած վնասները: «Ժամանակն է համապատասխան դասեր քաղելու», - շարունակել է ԿԲ ղեկավարը՝ հավելելով․ - «Թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում ընթացող տնտեսական և քաղաքական խորը կառուցվածքային տեղաշարժերն իրենց խտացված անդրադարձն են թողնում Հայաստանի տնտեսության վրա: Սակայն, Հայաստանի տնտեսությունը տարբերվում է իր հիմնարարներով և այդ առումով Ռուսաստանի տնտեսության ազդեցությունը կամ վերջինիս բանկային համակարգի խնդիրները չեն կարող ամբողջությամբ տեղափոխվել մեր տնտեսություն: Դա պարզապես անհնար է»:

Ըստ Արթուր Ջավադյանի, առկա մարտահրավերներին արձագանքելու և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի հիմքերը ամրապնդելու համար նոր մոտեցումներ և ճկունություն է անհրաժեշտ:

«Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆինանսական շուկայի տարերային զարգացումները միայն ստանդարտ մոտեցումներով չէին կարող հաղթահարվել: Մենք գիտակցում ենք, որ գործում ենք նոր միջավայրում, որտեղ անհրաժեշտ է հաշվի նստել նաև հասարակության վարքագծի արագ փոփոխությունների հետ», - իր ելույթում ասել է ԿԲ նախագահը: