Լուծարման գործընթացում գտնվող «Կենտրոն մաքրություն» ընկերության աշխատակիցները այսօր առավոտից հավաքվել էին նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով մինչև տարեվերջ վճարել իրենց վերջնահաշիվը։
Նրանց պնդմամբ՝ վերջին աշխատավարձը ստացել են նոյեմբերի կեսին, առջևում նոր տարի է, իսկ այժմ գումար չունեն անգամ պարտքերը մարելու համար։
«Գոնե, մի ամսվա լուծարայինը տվեք, գոնե, մինչև Նոր Տարի։ Ասում են՝ քաղաքապետարանը բյուջե չունի։ Իսկ եթե էդ քաղաքապետարանը բյուջե չուներ, հիմնարկը լուծարում էր, չգիտե՞ր՝ իր աշխատողին պետք է փող տա», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընկերության նախկին աշխատողը։
Բողոքող աշխատակիցները երկու օր առաջ դիմում էին գրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պահանջելով վճարել իրենց գումարները: Քաղաքապետարանից այսօր ստացել են պատասխանը, որում ասված է. - «Մինչև լուծարվող ընկերության գույքը չվաճառենք, չենք կարող ձեզ վճարել»։
Թեև քաղաքապետարանի պաշտոնյաներն ասում են, թե այնուամենայնիվ որոշել են չսպասել գույքի վաճառքին, և բավարարել աշխատակիցների պահանջները, սակայն, չեն հստակեցնում, թե երբ կվճարեն գումարները։
Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կարլեն Ղազարյանի խոսքով, ավագանին պետք է նիստ գումարի և սկսի լուծարման գործընթացը։
«Հիմա պետք է ավագանիով դրանք հաստատվեն, ավագանին ցանկացած պահի կարող է արտահերթ նիստ հրավիրել, արձակուրդ չի գնում», - ասաց Ղազարյանը։
«Կենտրոն մաքրության» շուրջ 300 աշխատակիցների պահանջները տարբեր են. նրանցից շուրջ յոթ տասնյակը, ովքեր աշխատանքից ազատման դիմում են գրել՝ պահանջում են վճարել իրենց վերջնահաշվարկը, որը չեն ստացել։ Հարկադիր պարապուրդի ուղարկվածները, չեն ստացել պարապուրդի ժամանակ իրենց հասանելիք աշխատավարձի երկու երրորդը։
«Լուծարվել է... Երկու ամիս առաջ պետք է տեղյակ պահեր, որ լուծարվում է, գիշերն եկել եմ աշխատանքի, ինձ ասել են՝ մի աշխատի, հիմնարկը լուծարվել է, ու 15 օր հետո նամակն եկել է, որ լուծարվել է։ Նամակը 15 օր հետո՞ է գալիս, թե երկու ամիս առաջ ինձ պետք է տեղեկացնեին», - բողոքեց ցուցարարը։
Նախագահական նստավայրի մոտ բողոքող քաղաքացիներին մոտեցավ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը։ Նա ասաց, որ պատրաստ են տրամադրել վերջնահաշվարկը, սակայն, թե երբ՝ չհստակեցրեց։
«Գումարները, որը սահմանված կարգով պետք է վերադարձնենք ձեզ՝ լուծարայինը, միանշանակ իմացեք, որ այդ գումարները բոլորդ անհատական ստանալու եք։ Սահմանված կարգով, երկու ամսվա ընթացքում, ոնց որ օրենքն է պահանջում», - ասաց Սադոյանը:
Դիտարկմանը, թե օրենքը պահանջում է, որ վերջնահաշվարկը վճարվի պայմանագրի դադարեցման օրը, Ղազարյանն այսպես արձագանքեց. - «Ով դիմում է գրել, մենք պատրաստ ենք այդ վերջնահաշվարկը տրամադրել»։
Քննարկումը նախագահական նստավայրի մոտից տեղափոխվեց Կենտրոն թաղապետարան: Ժամից ավելի տևած թեժ բանավեճի ընթացքում, սակայն, վերջնական լուծումը չգտնվեց: Աշխատակիցները պատրաստվում են շարունակել պայքարը։