Ջավախքի «խոպանչիները» նոր խնդիրների են բախվել

Արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանում, արխիվ

ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանում փոխված միգրացիոն օրենքով, երկքաղաքացիության կամ ՀՀ քաղաքացիություն ունեցող ջավախքցիները մեկ տարվա ընթացքում իրավունք ունեն ընդամենը 90 օր լինել սեփական տանը:

2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող բազմաթիվ ջավախքցիներ, որ երկքաղաքացիություն էին ձեռք բերել՝ ստանալով ՀՀ անձնագրեր, այսօր լուրջ խնդիրների առջև են հայտնվել: Այստեղ քիչ չեն մարդիկ, ովքեր, Հայաստանի քաղաքացիություն ստանալով, հրաժարվեցին Վրաստանի քաղաքացիությունից:

Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանում փոխված միգրացիոն օրենքով, երկքաղաքացիության կամ ՀՀ քաղաքացիություն ունեցող ջավախքցիները մեկ տարվա ընթացքում իրավունք ունեն ընդամենը 90 օր լինել սեփական տանը:

«Հայկական պասպորտ ունեցողը իրեք ամիս իրավունք ունի մնալու հոս: Ընտանիքը հոս է, բայց իրեք ամիս ունի», - «Ազատութան» հետ զրույցում ասաց միջին տարիքի մի տղամարդ, որը ունի և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի քաղաքացիություն: - «Մեկից պտի հրաժարվես․ կա՛մ Հայաստանի, կա՛մ Վրաստանի: Ախլքալաքցին Հայաստանի քաղաքացիություն հրաժարվի, Ռուսաստանի չի կարա էթա: Անոթի պտի մնա»:

Մեկ այլ տղամարդու խոսքով՝ ավելի լուրջ է այն մարդկանց վիճակը, ովքեր միայն ՀՀ քաղաքացիություն ունեն․ - «Ստիպված արել ա հայկական պասպորտ: Հիմա էդ մարդը հայկական պասպորտով եկել է տուն, իրեք ամիս պիտի մնա․․․ Ներքին կարգով երկու խորհրդարանները մի բան պիտի որոշեն, թե չէ էս հայ ժողովրդիս դրությունը ստեղ մի քիչ լուրջ է»:

«Եվ ամենավատն այն է, որ փաստորեն Հայաստանի կառավարությունը ոչինչ չի անում մեր վիճակը ինչ-որ ձևով թեթևացնելու, վրացական իշխանությունների հետ համագործակցելու ուղղությամբ: Դատարկ, դեկլարատիվ հայտարարություններ են ընդունում, ոչ մի արդյունք չի տալիս․․․ Հասարակ բան, այդ երկքաղաքացիության խնդրում․ ասին, ասին, ոչ մի բան չարեցին: Բայց էդ խնդիրը լուծել է պետք, չէ՞: Ու Հայաստանը ոչինչ չի անում, որ վրացական իշխանությունների հետ լեզու գտնի, ինչ-որ ձևով օգնի, աջակցի», - դժգոհեց «Ազատության» առաջին զրուցակիցը:

Անցած շաբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Թբիլիսիում Վրաստանի իշխանությունների առջև բարձրացրել է այս հարցը, և վրացական կողմը խոստացել է խնդրին լուծում տալ 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:

Ըստ որոշ տեղեկությունների, ջավախքցիների շուրջ 40 տոկոսը հայկական անձնագիր ունի: