Թեև Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի լրագրողներին կոչ էր արել ընտրությունների օրը չչափազանցնել երևույթները և զբաղվել սեփական գործերով, այդուհանդերձ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են երեկ տեղի ունեցած ընտրական գործընթացի աղաղակող խախտումների մասին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի 118 շրջաններում երեկ տեղի ունեցան տեղական ընտրություններ: Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրություններին մասնակցել է 8 քաղաքական ուժ: Առաջադրված էր մոտ 37 հազար թեկնածու՝ ավելի քան 15 հազար պաշտոնների համար:
Ընտրություններն անցել են միջազգային դիտորդների բացակայության պայմաններում: Եվրախորհուրդը հրաժարվել է դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջան: Այս ընտրություններին չեն հետևել նաև այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, թեև Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ վճռականորեն խնդրել է միջազգային կառույցներին ներկայություն ապահովել:
Այսպիսով, ինչպես փաստում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ տեղական ընտրությունները անցկացվել են տեղացի դիտորդների ներկայությամբ և զանգվածային խախտումների ուղեկցությամբ: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցը երեկ տեղամասերից հաղորդում էր տարատեսակ խախտումների մասին: Նա նկատել է, թե ինչպես է կանանց մի խումբ մի քանի տեղամասերում անընդմեջ քվեարկել: Կային հաղորդագրություններ նաև լցոնումների մասին:
Մեկ այլ տեղամասում զանգվածային լցոնման դեպքն արձանագրելիս բռնության է ենթարկվել «Մեյդան TV»-ի լրագրողը: Երբ վերջինս փորձել է դիմել ընտրական հանձնաժողովի նախագահին և տեղեկացնել խախտման մասին, քաղաքացիական հագուստով մարդիկ դուրս են հրավիրել նկարահանող խմբին և վիրավորել նրանց՝ պահանջելով ջնջել նկարահանած կադրերը:
Սկանդալային այդ տեսանյութը, որում լրագրողին հաջողվել է նկարահանել, թե ինչպես է քվեարկած մի կին տեղամասի հսկիչների աչքի առաջ քվեատուփ նետել ընտրաթերթիկների մի ամբողջ խուրձ, երեկվանից բուռն քննարկվում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում:
Իշխանությունները պնդում են որ տեսանյութը կեղծ է և նկարահանվել է ոչ ընտրությունների օրը: «Մեյդան TV»-ի խմբագիր Էմին Միլին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ տեսանյութում ամեն ինչ չափազանց ակնհայտ է և մեկնաբանելու կարիք չկա:
«Փորձագետները կատակում են՝ ասելով, թե տեսանյութը դիտած մարդկանց թիվն ավելի շատ է, քան ընտրություններին մասնակցածների թիվը», - գրել է Միլին:
Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը բոյկոտել են այս ընտրությունները և հիմնականում չեն մասնակցել: Նրանք համոզված էին, որ այդ ընտրությունների արդյունքները կանխորոշված են
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Արիֆ Հաջըլըն «Թուրան» գործակալության հետ զրույցում պարզաբանել է, որ այս ընտրությունների նկատմամբ չկա հասարակական հետաքրքրություն:
Ընդդիմադիր գործչի ձևակերպմամբ, Ադրբեջանի տեղական ինքնակառավարման մարմինները հող վաճառելուց բացի այլ գործառույթներ չեն իրականացնում:
Մամուլի ասուլիս հրավիրելով՝ ադրբեջանցի ընդդիմադիրները հայտարարել են, որ ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարական սկզբունքներին, ոչ ազատ և ոչ էլ արդար էին: «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչը ձեռքի տակ 300 ընտրատեղամասերում խախտումների մասին արձանագրություններ ուներ:
«Բազմաթիվ ընտրատեղամասեր առանց դիտորդների էին, զանգվածային լցոնումներ, այլընտրանքային թեկնածուների օգտին քվեարկած ձայների անտեսում: Մենք այս ընտրությունների արդյունքները չենք ճանաչում», - հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության իրավաբան Էլման Ֆաթահը: