Քրեական գործ է հարուցվել խոշոր չափերով ոչ պիտանի խոզի միս իրացնելու դեպքի առթիվ։
Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում նշվում է, որ գործով կասկածյալը՝ քաղաքացի Պետրոսյանը, Նուբարաշենում գործող խոզաբուծական տնտեսությունից ձեռք է բերել խոզի մսի խմբաքանակ, և «ոչ թարմ, սննդի համար ոչ պիտանի, խոշոր չափերով՝ 235.3 կգ խոզի միսը» իրացրել:
Հիշեցնենք՝ երեկ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցել էին, որ Ոստիկանությունից նյութեր են ստացել երևանյան շուկաներում սատկած խոզի մսի վաճառքի մասին ահազանգի շուրջ։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն էլ ավելի ուշ հայտարարել էր, որ ծառայության համապատասխան տեսչությունը մասնակցել է ոստիկանության կողմից «Մալաթիայի թիվ 4 շուկա» և «Նորքի շուկա» ընկերությունների տարածքներում վաճառվող խոզի մսի ստուգման աշխատանքներին և կասեցրել է սննդում ոչ պիտանի մսեղիքի վաճառքը։