Սահմանամերձ գյուղերի և սիրիահայ երեխաները հյուրընկալվել են նախագահի նստավայրում

Լուսանկարը՝ նախագահականի

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում այսօր հյուրընկալվել են սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի և Հայաստանում ապաստանած սիրիահայ երեխաները։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, երեխաների համար կազմակերպվել է նաև մշակութային լրացուցիչ ծրագիր՝ այցելություն Հայաստանի պատմության և Հովհաննես Թումանյանի թանգարաններ։

«Բաղրամյան 26-ում կհյուրընկալվեն նաև զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների և զինծառայողների երեխաներն ու թոռնիկները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև սահմանափակ կարողություններով երեխաներ», - ասված է հաղորդագրությունում։