ՍԱՊԾ. Կասեցվել է ոչ պիտանի մսեղիքի վաճառքը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության համապատասխան տեսչությունը մասնակցել է ոստիկանության կողմից «Մալաթիայի թիվ 4 շուկա» և «Նորքի շուկա» ընկերությունների տարածքներում վաճառվող խոզի մսի ստուգման աշխատանքներին։

ՍԱՊԾ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ կասեցվել է սննդում ոչ պիտանի մսեղիքի վաճառքը, խմբաքանակը շուկայից դուրս է բերվել և կապարակնքվել է:

ՍԱՊԾ-ից նաև փոխանցում են, որ 2014 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 30-ը Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում իրականացվում են շուկայահանված մսի դիտարկումներ՝ մակնշման և պահման պայմաններին ներկայացվող պահանջների նկատմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցել էին, որ Ոստիկանությունից նյութեր են ստացել երևանյան շուկաներում սատկած խոզի մսի վաճառքի մասին ահազանգի շուրջ։