Նկարչի տանը բացվել է Լեմս Ներսիսյանի ցուցահանդեսը

Գեղանկարիչ Լեմս Ներսիսյան

Ծնունդով գյումրեցի գեղանկարիչ Լեմս Ներսիսյանի՝ այսօր բացված ցուցահանդեսը կրում է «Բազմաձայն պատարագ» խորագիրը:

Ներկայացված հարյուրից ավելի գեղանկարչական աշխատանքները հեղինակը կատարել է վերջին 10 տարիների ընթացքում երկու անգամ այցելելով ներկայիս Թուրքիայի տարածք՝ Արևմտյան Հայաստան:

«Սա նպատակադիր ցուցահանդես է», - ասաց Լեմս Ներսիսյանը «Ազատության» հետ զրույցում: - «Արևմտյան Հայաստանի բնապատկերներն են հիմնականում, հուշարձանների համալիրներ և 70 մեկնություններ են աշխարհի ամենանշանավոր մարդկանց կողմից, որոնք արված են Ցեղասպանությունը ճանաչելու գործընթացին ի օգուտ»:

Գեղանկարներից շատերն ուղեկցվում են այդ մարդկանց դիմանկարներով ու խոսքով:

«Ես գտնում եմ, որ ցուցահանդեսը այսօրվա համար շատ արդիական է, և փորձել եմ կերպարվեստի միջոցով մեկ անգամ ևս հասարակությանը տեղյակ պահել այդ ոճրագործության մասին», - հավելեց Ներսիսյանը:

Թուրքիայում աշխատելիս գեղանկարիչը դժվարություններ չի ունեցել․ - «Իմացան, որ հայ եմ, իմացան, որ նկարիչ եմ, և ոչ ոք չխանգարեց: Ընդհակառակը, նույնիսկ օգտակար խորհուրդներ տվեցին ինձ»:

Նա շրջագայել է Ղարսից մինչև Կիլիկիա:

Նկարները Թուրքիայից Հայաստան բերելիս նույնպես խնդիրներ չի ունեցել․ - «Մեծ աշխատանքները ես արվեստանոցում վերականգնել եմ․ արել եմ փոքրիկ էտյուդներ, որոնց հիման վրա աշխատել եմ: Իսկ կան աշխատանքներ, որ տեղում եմ արել»:

Լեմս Ներսիսյանը կարծում է, որ Թուրքիան «մոտ ժամանակներս» կճանաչի Հայոց ցեղասպանությունը․ - «Որովհետև ամբողջ աշխարհն է հիմա հոլովում այդ հարցը՝ սկսած մեծ պետություններից, վերջացրած փոքր պետություններով, սկսած նշանավոր մարդկանցից, վերջացրած հենց թուրք հասարակությամբ»:

Գալիք գարնանը՝ ապրիլին, «Բազմաձայն պատարագ» ցուցահանդեսը ներկայացվելու է նաև Փարիզում և Ստրասբուրգում: