Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 22-ին Մոսկվայում մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ ԱԱԽ-ն ներկայացրել է Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։

Արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական համադրման հարցերը, անդրադարձ է արվել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, տեղեկատվական անվտանգության խնդիրներին։