ԵՏՄ-ում քաղաքական բովանդակություն կա միայն Հայաստան - Ռուսաստան հարթության մեջ․ փորձագետ

Վադիմ Դուբնով, արխիվ

Ռուս փորձագետ Վադիմ Դուբնովը գնահատում է ԵՏՄ-ի կազմավորումը և դրա շրջանակում հավանական զարգացումները:

Հաջորդ տարվա սկզբից Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) կսկսի գործել չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի տարածքում, այդուհանդերձ, այն ամենը, ինչ կարող էր այդ միության հետ տեղի ունենալ, արդեն 2014 թվականին կատարվել է: «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» ծրագրում այսպիսի կարծիք հայտնեց ռուս փորձագետ Վադիմ Դուբնովը՝ հավելելով, որ 2015-ին ընդամենը նախորդ տարվա ավարտին տեղի ունեցած աղմկալի զարգացումների «նստվածքն ենք համտեսելու»:

«Ընդ որում, յուրաքանչյուրն իր ներդրումն ունեցավ, յուրաքանչյուրն իր՝ ինչ-որ տեղ ծիծաղաշարժ դերը խաղաց՝ սկսած ԵՏՄ-ի ամենագլխավոր ոգեշնչողից, վերջացրած նրանցով, ում ի սկզբանե ստատիստի դեր էր հատկացված՝ նկատի ունեմ, հազար ներողություն, Հայաստանին», - ասաց փորձագետը:

Դուբնովը նշում է, որ կլինեն մեծ թվով ճոռոմ հանդիպումներ, ինչ-ինչ համատեղ նախաձեռնությունների մասին հայտարարություններ, «մեզ բազմիցս կասեն, որ, օրինակ, նախատեսվածի համեմատ մեծացել է բյուջեն և այլն»:

«Կտեսնենք բազմաթիվ անդրկուլիսյան փորձեր՝ սպիացնելու այն վերքերը, որոնց վրա տարվա վերջին բոլոր ձեռքի տակ եղած տարաներից աղ էին լցնում, առաջին հերթին, իհարկե, Ալեքսանդր Լուկաշենկոն, բայց Նուրսուլթան Նազարբաևը ևս, կարծում եմ, ինչ-որ տեղ հաճույքով փորձում էր եթե ոչ չարախնդալ, ապա գոնե հաճույքի իր բաժինը ստանալ ամբողջ այդ կոլեկտիվի խնդիրներից», - ասաց Վադիմ Դուբնովը:

Թե՛ Աստանան, թե՛ Մինսկը պարբերաբար հայտարարում են, որ ԵՏՄ-ը ոչ մի դեպքում չի կարելի քաղաքական միություն համարել: Ըստ Դուբնովի՝ սա ասում են, քանի որ քաղաքական բովանդակություն կա միայն Ռուսաստան - Հայաստան հարթության մեջ: «Իսկ Մինսկի կամ Աստանայի դեպքում ոչ ոք նման խաղեր չի խաղալու: Հայաստանը այլընտրանք չունի, Հայաստանն այլ հարց է: Բայց նույնիսկ այնտեղ, անկեղծ ասած, տնտեսական առանձնապես բան չկա», - նշեց փորձագետը:

Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, ապա Դուբնովը պնդում է, որ դրանք ընդհանրապես կապ չունեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու հետ:

«Անվտանգությունն ընդամենը պատրվակ է, որը քաղաքական էլիտան օգտագործում է ԵՏՄ-ին անդամակցելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց ռուս փորձագետը: