Խոպանչիները սկսել են ետ վերադառնալ Ռուսաստանի Դաշնությունից։ Այս տարին նրանց համար բարենպաստ չէր։ Սկզբում մեծ դժվարությամբ կարողացան մեկնել արտագնա աշխատանքի՝ ՌԴ-ում միգրացիոն օրենքների խտացման պատճառով, հիմա էլ, երբ ետ են վերադարձել, վաստակած գումարն է արժեզրկվել։
Շիրակի մարզի Անուշավան համայնքի 2200 բնակիչ 600-ը սեզոնային արտագնա աշխատանքի է մեկնում։ Գյուղացիները «Ազատության» հետ զրույցներում ասում էին, որ հող մշակելով տուն պահել հնարավոր չէ։
«Մինիմալ եկամուտ է, հնարավոր չէ չգնալ»,- ասաց անուշավանցիներից մեկը.- «Ես անձամբ գնում-գալիս եմ 5-6 ամսով, նաև՝ գյուղի մեծամասնությունը»։
«Ես եկող տարի ընդհանրապես գնալու եմ, թոշակառու եմ, էնքան թոշակ չենք տալիս, որ մեր գոյությունը պահենք։ Ուրեմն պիտի գնաս, ապրուստի ուրիշ միջոց գտնես»,- ասում էր մեկ ուրիշը։
Քանի դեռ հողից գյուղացին եկամուտ չի ստանում, ստիպված է խոպան գնալ, գումար աշխատել, որ դրանով վարկը մարի, տունը պահի ու շատ, թե քիչ հող մշակի։ Անուշավանի համայնքապետ Երվանդ Հակոբյանն ասում է, որ գյուղը գոյատևում է դրսից ուղարկված գումարների հաշվին։
«Գյուղը գոյատևում է արտագնա աշխատանքների մեկնողների հաշվին։ Հիմա շատ ցավալի է, որ ռուբլին արժեզրկվում է։ Եթե ռուբլու վիճակը չկարգավորվի, ճգնաժամ է լինելու»,- ասաց գյուղապետը։
Your browser doesn’t support HTML5