Դեկտեմբերի 29-ից ուժի մեջ կմտնի «Եկամտահարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունը։ Այդ փոփոխությունների համաձայն՝ նրանք, ովքեր հիփոթեքային վարկ կվերցնենք անմիջապես կառուցապատողից կամ պետությունից բնակարան գնելու համար, կամ էլ հիփոթեքը կուղղեն սեփական բնակարան կառուցելուն, իրենց վճարած եկամտահարկից հետ կստանան հիփոթեքի տոկոսների չափով գումար։
Օրենքը կտարածվի նրանց վրա, ովքեր բնակարան են գնել և հիփոթեք են ձևակերպել 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո։
Օրինագիծը խորհրդարանում ներկայացրած ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով՝ արտոնությունների նպատակը տնտեսությունն աշխուժացնելն է՝ շինարարության պահանջարկը խթանելով։
«Խրախուսելով պահանջարկը նոր կառուցվող բնակարանների նկատմամբ՝ մենք նաև խրախուսում ենք շինարարության ոլորտի պահանջարկը, այսինքն ակնկալում ենք տնտեսական շինարարության ոլորտում։ Դա տնտեսության այն ճյուղերից է, որի աճը ունի բազմակի ազդեցություն»,- «Ազատությանը» ասաց փոխնախարարը։
Ուշագրավ է, սակայն, որ կառավարությունը օրինագծի նախնական տարբերակում հարկային արտոնություններից դուրս էր թողել սեփական տան կառուցման համար հիփոթեք վերցնող քաղաքացիներ՝ եկամտահարկի վերադարձ նախատեսելով միայն պետական ծրագրի մասնակիցների կամ կառուցապատողից բնակարան ձեռք բերողների համար։
Բացի այդ, նախագիծը դեռ խորհրդարանում դեռ չէր էլ քննարկվել և չէր քվեարկվել, սակայն սպասվող արտոնությունները լայնորեն գովազդվում էին պետական ծառայողներին մատչելի բնակարաններ խոստացող ծրագրի կողմից։
Ընդդիմադիր պատգամավոր Թևան Պողոսյանը, ով առաջին ընթերցմամբ դեմ է քվեարկել օրինագծին, ասում է՝ այս ամենը ցույց է տալիս, թե որն է հարկային արտոնությունների նպատակը։
«Ցավոք, մենք նորից ունենում ենք մի վիճակ, որտեղ ավելի շատ արդեն կառուցված շենքերի կամ կազմակերպությունների շահերից է բխում նախաձեռնությունը, քան թե բնակչության։ Բնակչության արտոնությունը արձանագրվեց միայն և միայն այն բանից հետո, երբ պատգամավորների մի խումբ այս հարցը բարձրաձայնեց և ասաց՝ կառավարության սկզբնական մոտեցման ժամանակ անհատները ոչ մի արտոնություն չունեին»,- ասաց Պողոսյանը։
Պատգամավորի խոսքով՝ նախագիծը կարճաժամկետ արդյունք կունենա, կխթանի նորակառույցների դատարկ բնակարանների վաճառքը, սակայն երկարաժամկետ առումով այլ ծրագրեր են անհրաժեշտ։ Պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն հիփոթեքային շուկայում՝ երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրվեն։
Անշարժ գույք շուկայով զբաղվող «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը նույնպես կարծում է, որ տնտեսության աշխուժացման նպատակով կարճաժամկետ այս արտոնությունները բավարար չեն։ Այժմ անշարժ գույքի շուկայում բոլոր գործարքների միայն տասը տոկոսն է հիփոթեքային վարկով իրականացվում, բարձր տոկոսներից բացի բանկերը շատ են բարդացնում վարկի տրամադրումը։
«Ինչո՞ւ են մարդիկ այդքան շատ լոմբարդներից, վարկային կազմակերպություններից օգտվում։ Որովհետև իրենք ավելի մեղմ են, քան բանկերը։ Հիփոթեկային շուկայում պետք է վերանայումներ լինեն»,- ասաց Բաղդասարյանը։
Օրենքը հետադարձ ուժ չունի, նրանք, ովքեր բնակարան գնել և հիփոթեք են վերցրել նոյեմբերի 1-ից առաջ, եկամտահարկ ետ ստանալու արտոնությունից չեն կարող օգտվել։