«Եվրոպան Հայաստանի առջև չի փակում իր դռները և շարունակելու է համագործակցել Հայաստանի հետ», - այսօր Ազգային ժողովում պատգամավորների հետ դռնփակ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին՝ նշելով, որ Եվրոպան հարգում է Հայաստանի սուվերեն իրավունքը։
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը Հայաստանում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հրավերով:
«Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է տեսնում Հայաստան- Եվրամիություն հարաբերությունների ապագան Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահն ասաց. - «Ես կարող եմ ասել, որ մենք բաց ենք Հայաստանի հետ կոնկրետ համագործակցության համար, գուցե հիմա ավելի շատ քաղաքական ոլորտում, բայց կամաց-կամաց տնտեսական ոլորտում նույնպես։ Ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր ավելի շատ հետաքրքրված է Եվրոպայի և Ռուսաստանի հետ քաղաքականության մշակմամբ»։
Հարցին, թե Ասոցիացման համաձայնագրի ձախողումից հետո հարաբերությունների ի՞նչ նոր մոդել է առաջարկում Եվրամիությունը Հայաստանի համար, և արդյո՞ք քաղաքական բաղադրիչից բացի համագործակցությունը կարող է զարգանալ նաև տնտեսական ոլորտում, Ռիչարդ Չարնեցկին պատասխանեց. - «Որպես սկիզբ կարող եմ պատկերացնել Երևանի և Բրյուսելի քաղաքական համագործակցությունը։ Բայց մենք պետք է մտածենք նաև տնտեսական համագործակցության մասին կոնկրետ ոլորտներում, և ես կարծում եմ, որ դա իսկապես հնարավոր է»։
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, անդրադառնալով հանդիպմանը, ասաց, որ քննարկվել են ամենատարբեր հարցեր, որոնք վերաբերում են Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների մի շարք ուղղություններին:
«Դա խոսում է այն մասին, որ նաև իրականում տեղի ունեցած տարածաշրջանային զարգացումները ապացուցեցին, որ, այո՛, Հայաստանի պարագայում արդարացված է «և՛, և՛»-ի քաղաքականությունը՝ բազմավեկտոր, հավասարակշռված քաղաքականություն։ Հայաստանը իրավունք չունի բաժանարար գծերի քաղաքականություն իրականացնել։ Հայաստանի և հայ ժողովրդի շահերից չի բխում, ունենալով դեռևս բավականին նուրբ և փխրուն խնդիրներ անվտանգ միջավայրի ապահովման համար, կատարել կոշտ անցումներ, կամ կատարել չհիմնավորված գործողություններ, որոնք վտանգի տակ կարող են դնել Հայաստանի արտաքին քաղաքականության մի շարք դրույթներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զաքարյանը։