Փոխանակման կետերից մեկում ասացին, թե հիմա էլ դրամի դեֆիցիտ է, քանի որ մարդիկ սկսել են դոլար մանրել: Համենայնդեպս, երեկվա համեմատ դոլարի արժեզրկումն առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա այսօր գրեթե չէր ազդել:
Ի դեպ նշենք, որ անցած 2 օրերին Գյումրիում ալյուրի ու շաքարավազի մեծածախ վաճառք չի իրականացվել: Այսօր դրանց վաճառքը վերսկսվել է: Ամենից շատ մարդիկ մտահոգված են հացի ու կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների գնի բարձրացմամբ: Ասում են, որ եթե գնաճը շարունակվի, ապա այն կհանգեցնի սովի և արտագաղթի:
«Ամեն ինչ թանկացել է: Էս գների բարձրացումը արտագաղթի կբերի», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյումրեցիներից մեկը:
«Ալյուր, ոսպ, բրինձ», - իր գնումները թվարկեց մեկ ուրիշ գյումրեցի:
Շատերն այնքան էին զայրացած գնաճից, որ խոսել անգամ չէին ցանկանում: Ոմանց կարծիքով գնաճը սպեկուլյատիվ բնույթ է կրում՝ մի քանի օլիգարխ հարստանում են առանց այն էլ չունևոր ժողովրդի հաշվին:
Գյումրեցիներից շատերը օրվա հացի խնդրի առաջ են կանգնած: Ամանոր նշելու մասին չեն էլ խոսում:
«Նարինջ էր, մանդարին, չգնեցինք, թանկ էր: Լավաշն էլ է թանկ՝ 120-150 դրամ է», - ասաց քաղաքացիներից մեկը:
Առևտրի ծավալների կրճատումից դժգոհում են նաև առևտրականները: Խանութներում ասում են, որ մարդիկ հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքներ են գնում, այն էլ սահմանափակ քանակով: