Մարշալ Բաղրամյանի անվան գյուղի տղամարդկանց մոտ 30 տոկոսն արտագնա աշխատանքի է մեկնում

Your browser doesn’t support HTML5

Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը կրող գյուղի տղամարդիկ արտագնա աշխատանքից տուն են վերադառանում Նոր տարուց առաջ՝ ընտանիքի հետ ամանորյա տոներն անցկացնելու համար: Հետո նորից բռնելու են Ռուսաստանի ճամփաները: Գյուղացիներից Երանոս Թովմասյանը ասում է, որ տարվա մեջ միայն այս 20 օրն է գյուղը լցվում:

«Ընդհանրապես հիմնականում ձմեռնամուտին են ուղարկում, որ վառելանյութ, սնունդ առնեն, Նոր տարին դիմավորեն, դրանից հետո էլ նորից մտածում են՝ ոնց գնան դուրս, տոմսի փող, կամ վարկերով վերցնեն գնան», - ասաց Երանոս Թովմասյանը:

Այդուհանդերձ, այս տարեվերջը հարվածել է նաև Բաղրամյանի խոպանչիների գրպանին: Ռուսական ռուբլու արժեզրկումը գրեթե ջրին է հավասարեցրել նրանց ամբողջ տարվա վաստակը:

Բաղրամյանցիների հիմնական աշխատաշուկան ռուսաստանյան քաղաքներն են՝ Մոսկվայից մինչև Յակուտիա, Ուլան Ուդե: Մեկնում են խմբերով կամ միայնակ: Ռուբլու արժեզրկումից նեղսրտում են, սակայն միևնույն է՝ չեն հրաժարվում Ռուսաստան մեկնելու ցանկությունից:

Շատերն էլ վերադարձել են առանց կոպեկի, սպասում են հույսով՝ ուղարկելու են:

Տղամարդիկ նշում են, որ չէին կարող կանխատեսել իրադարձությունների նման ընթացքը, ամեն ինչ արել են թեկուզև հեռվից ընտանիքները պահելու համար:

Երանոս Թովմասյանը գյուղի եզակի տղամարդկանցից է, ով չի գնում արտագնա աշխատանքի: Ընտանիքը պահում է խաղողի այգով: Ասում է, որ շատերն են ցանկանում նոր գործ ձեռնարկել, բայց վստահ չեն, որ կհաջողեն:

«Մարդ կա, որ էսօր ուզում է գործ ձեռնարկի, բայց վախը մեջն է, ինչի վրա հիմնվի: Ենթադրենք էսօր խաղողը 140 դրամով մարդըհանձնել ա, ստացել ա իրա 2 կամ 10 միլիոն գումար, ու էսօրվա էս վիճակը: Ի՞նչ անի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թովմասյանը:

1150 բնակիչ ունեցող Բաղրամյանում, փաստացի ապրում է գրեթե 500 մարդ: Արտագնա աշխատանքի են մեկնում գյուղի տղամարդկանց մոտավորապես 30 տոկսը: