Մալաթիա-Սեբաստիայում երթուղայինների վարորդների՝ երեկվանից սկսած գործադուլը այսօր առավոտից արդեն նոր թափով տարածվել էր նաև այլ համայնքներում: Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին այս անգամ չհաջողվեց համոզել վարորդներին դուրս գալ աշխատանքի:
«Հարցի լուծումը այսպես կանգնելով չենք տալու, հարցի լուծումը՝ պետք է բարձրացնենք նաև վերևներում, տեղյակ պահենք», - վարորդներին ասում էր Նավասարդյանը, բայց վերջիններս հակված չէին լսելու Տրանսպորտի վարչության պետին:
Նորքի զանգվածները սպասարկող տասնյակ երթուղիների վարորդները նախ փորձեցին փողոց փակել: Իրավապահների միջամտությունից հետո հարյուրի հասնող «Գազելները» տեղափոխվեցին Մյասնիկյանի պողոտա՝ իրար հետևից կայանելով փողոցի երկայնքով: Վարորդները կանգնեցնում էին գործադուլին չմիացած գործընկերների մեքենաները՝ հորդորում իրենց հետ շարունակել բողոքի ցույցը:
Ոստիկանները ցուցարարներին կոչ արեցին բողոքի ակցիան կենտրոն չտեղափոխել՝ խցանումներ չառաջացնելու համար: Վարորդների պնդմամբ՝ գազի թանկացման պատճառով վերջին օրերին աշխատել են վնասով՝ գծատերերին պարտք մնալով 30-ից 60 հազար դրամ:
«Ես, փաստորեն, աշխատում եմ ուրիշի համար: Հինգ օր է՝ մեկը եկե՞լ հարցրել է վարորդներին՝ դուք էսօր փող առե՞լ եք: Մենակ պարտքեր ենք արել, որ այս քանի օրը մի քիչ աշխատել ենք՝ հիմա այդ պարտքերը ուզում են, ո՞նց տանք», - մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:
«Գազ են թանկացնում, սաղ ուտելիքները թանկացրել են», - դժգոհեց մեկ այլ վարորդ:
Առավոտից նույն իրավիճակն էր նաև Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա համայնքներում․ Անդրանիկի արձանի առջև հավաքված վարորդներն ասում էին՝ քաղաքային իշխանությունները և գծատերերը թանկացումների ողջ բեռն իրենց ուսերին են թողել:
«Անգամ 500 դրամ ես չեմ վեկալել, որ տուն տանեմ՝ թոռնիկիս մի հատ «Պամպերս» առնեմ: Մի անգամից հուպ են տալի: Բացի գազը՝ պեսոկ, հաց․․․ ինչի՞ տեր ենք մենք, կոպեկ՝ աշխատանքից չառնե՞նք, հա՞, էթանք տուն՝ ասենք՝ բալիկ ջան, չկա, սոված մահացի», - ասում էին վարորդները:
Բողոքի դուրս եկած գրեթե բոլոր վարորդները միաբերան վստահեցնում էին, որ չեն պահանջում ուղեվարձի թանկացում, հասկանալով, որ ծանր վիճակում կդնեն բնակչությանը: Նրանք որոշեցին օրվա երկրորդ կեսից գործադուլը շարունակել երթուղիների սկզբնակետերում՝ սպասելով իշխանությունների որևէ արձագանքի:
Մինչ մեծանում էր դժգոհության ալիքը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում էր, թե խնդիրը կարգավորվել է, գազը վերադարձել է նախկին սակագնին:
«Գազի կայաններում նորից վերականգնվել է 200 դրամ լիցքավորումը: Երկու հարյուր եղել է, երկու հարյուր էլ մնացել է», - ասում էր նա:
Հետևելով Հովիկ Աբրահամյանի խորհրդին՝ երևանյան մի քանի գազալցակայաններում ստուգեցինք գինը․ ժամը 18:00-ի դրությամբ լավագույն դեպքում 210 դրամ, որոշ տեղերում նույնիսկ 230, մինչդեռ վարչապետը պնդում էր, թե առավոտվանից գազի գինն իջել է 200 դրամի: Այս ֆոնին արդեն երրորդ օրն է՝ լռում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Վարչապետին ներկայացրած տեղեկանքում հանձնաժողովը պնդում է, որ վերջին երկու օրերին գործող 230 դրամ սակագինը այսօր դարձել է 200-ից 210: