Ռազմիկ Պետրոսյան․ «Երանոսյանը խոստովանել է, որ միջադեպին մասնակցել են իր տղաները»

Ռազմիկ Պետրոսյան

Ռազմիկ Պետրոսյանը հաստատում է, որ փոխոստիկանապետն իրեն զգուշացրել է՝ եթե երկրից չհեռանա, իր համար կարող է վատ լինել։

«Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը, ով անցյալ շաբաթ մեկ այլ ազատամարտիկի՝ Մանվել Եղիազարյանի հետ միասին ռեստորանում հանդիպել էր փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, պնդում է, թե այդ հանդիպումից ու դրանից հետո տեղի ունեցած ծեծկռտուքից հետո իր հետ հեռախոսազրույցում փոխոստիկանպետ Լևոն Երանոսյանը խոստովանել է, որ միջադեպին մասնակցել են իր տղաները։

«Ես Երանոսյանի հետ խոսել եմ, ինքն ա հեռախոսով այդ նույն օրն ասել, որ իրա տղաներն են, պատահական լսել են, որ հայհոյել ենք նախագահին: Ասում եմ՝ ես հայհոյե՞լ եմ, ասում է՝ չէ, ասում եմ՝ բա ի՞նչ է, ասում է՝ իրենց թվացել է: Բա թվալով մարդկանց վրա հարձակվո՞ւմ են», - նշեց Պետրոսյանը:

Ռազմիկ Պետրոսյանը հաստատում է, որ փոխոստիկանապետն իրեն զգուշացրել է՝ եթե երկրից չհեռանա, իր համար կարող է վատ լինել։ Չի հերքում նաև լուրերը, որ փոխոստիկանապետը նրան բնակարան է առաջարկել Մոսկվայում, միայն թե՝ հեռու մնա քաղաքականությունից։

«Մինչև էդ դեպքը ինձ թվում էր, որ ընկերոջ մտահոգություն էր, որպեսզի ես, ամեն դեպքում, պայքարից հեռու մնալով, իմ անձի անվտանգությունը․․․Բայց էս դեպքից հետո ես մտածում եմ, որ դա իրականում անիմաստ չէր․․․», - ասաց ազատամարտիկը:

Հիմա արդեն ղարաբաղյան պատերազմի վետերանը ակնկալում է, որ փոխոստիկանապետ Երանոսյանն ասի՝ թե ինչ հիմքով էր ասում, որ իրեն վտանգ է սպառնում Հայաստանում մնալու և քաղաքականությամբ զբաղվելու դեպքում։

«Ես երբևէ իմ հայրենիքից ո՛չ մեկնելու, ո՛չ բացակայելու, ո՛չ պաշտպանվելու խնդիր չունեմ: Բայց էն, որ ինքը մինչև այսօր չի դատապարտել իր թիկնազորի տղաների արարքը, էդ արդեն ինձ համար ցավ է», - ընդգծեց Ռազմիկ Պետրոսյանը:

Ազատամարտիկն անդրադարձավ նաև ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի երեկվա ելույթին, որի ընթացքում գեներալը խոսեց պատգամավոր Արամ Մանուկյանի ու ազատամարտիկների հետ պատահած միջադեպերի մասին։

Ռազմիկ Պետրոսյանը զարմացած է, թե ինչից է գեներալը եզրակացրել, որ ինքն ու փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը «մի երկու բաժակ կոնծած են եղել», ինքը վիրավորել է Հայաստանի նախագահին, փոխոստիկանապետն էլ իբր դա անարձագանք չի թողել։

«Իմ ապրած տարիների ընթացքում երբևէ որևէ մեկը չի կարող հիշել մի դեպք, որ ես խմիչքի ազդեցության տակ վեճ կամ կռիվ անեմ: Չէի ուզենա պատասխանել մի բանի, որի մեջ իրականություն չկա», - ասաց նա:

Ռազմիկ Պետրոսյանը և 70 այլ ազատամարտիկ-հրամանատարներ արդեն մի քանի ամիս է, ինչ անդամակցում են նորաստեղծ Ազատամարտիկների դաշինքին։ Նախաձեռնության գլխավոր դեմքերից Սմբատ Հակոբյանն ասում է, որ իրենց առաջնային նպատակը իշխանափոխությունն է, քանի որ ներկայիս վարչակազմը երկիրը անդունդ է տանում։ Նրանք պարբերաբար հանդիպումներ են ունենում, այսօր էլ հանդիպել են, իրենց խոսքով, քննարկելու համաժողովրդական մոբիլիզացիայի իրենց գործողությունները։

«Մենք բոլորս իշխանափոխություն ենք ուզում՝ ազատամարտիկներն էլ, չազատամարտիկներն էլ: Իշխանափոխությունը ի՞նչ է, քաղաքական պրոցես չի՞: Սրանից հետևում է, որ եթե մենք մտել ենք էդ պրոցեսի մեջ, նշանակում է՝ ինչ-որ ձևով մասնակցում ենք էդ պրոցեսին», - «Ազատության» հետ զրույցում ասել է Հակոբյանը:

Ինչպես Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի եռյակը, այդպես էլ ազատամարտիկները իշխանափոխության պատրաստվում են հասնել խաղաղ ճանապարհով: Պետրոսյանն ասում է՝ «պիտի խնդրենք իշխանություններին հեռանալ»։

«Մենք զգում ենք, որ մեր հայրենիքն ու ժողովուրդը վտանգի առջև է կանգնած, մենք պարտավոր ենք առաջին շարքերում լինել», - եզրափակեց Պետրոսյանը: