Լարիի անկումը դադարեց, թուրքական լիրան արժեզրկվում է, մանաթի փոխարժեքն անփոփոխ է

Հայաստանին սահմանակից պետությունների մեծ մասում ֆինանսական շուկաները ևս անկայուն վիճակում են: Բայց հարևան պետություններից և ոչ մեկում ազգային տարադրամը չի արժեզրկվում այն արագությամբ, ինչ Հայաստանում:

Վրաստան. Լարիի ժամանակավոր անկումը

Առաջինը Հայաստանում ընթացող պրոցեսին զուգահեռ ազգային տարադրամը սկսվեց արժեզրկվել Վրաստանում: Լարիի փոխարժեքը սկսեց անկում ապրել նոյեմբերի 20-ից հետո` մեկ շաբաթում արժեզրկվելով ավելի քան 3 տոկոսով:

Վրաստանի կառավարությունը ազգային տարադրամի փոխարժեքի անկումը պայմանավորում է Ռուսաստանում տիրող դրությամբ: Այս մասին հայտարարում էր փոխվարչապետ Կախա Կալաձեն` նշելով, որ լարիի անկման գլխավոր պատճառներից մեկը Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն են:

Թբիլիսցի բանկային փորձագետ Գոչա Թութբերիձեն, գնահատելով ստեղծված կացությունը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցում նշում էր.- «Վերջին ամիսներին ներկրման ծավալները անշեղորեն աճում էին, արտահանմանը՝ նվազում: Ռուբլու փոխարժեքի սրընթաց անկման ֆոնին զգալիորեն նվազել է նաև արտերկրից ստացվող դրամական փոխանցումների ծավալը: Դրանց առյուծի բաժինը կրկին Ռուսաստանից է գալիս: Այս ամենը չի կարող չազդել լարիի կուրսի վրա»:

Դեկտեմբերի 9-ին արդեն, երբ ամերիկյան մեկ դոլարի գինը սկզբում հասավ գրեթե 2 լարիի, ապա նվազեց` կանգ առնելով 1.90 ցուցանիշի վրա, խոսեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Լարիի փոխարժեքի վերաբերյալ կարող եմ ասել, որ մի կողմից սա ողջ աշխարհում նկատվող գործընթաց է, դոլարը ամրապնդվում է գրեթե ամենուր: Բացի այդ մենք պետք է հաշվի առնենք տարածաշրջանում առկա թե տնտեսական, և թե քաղաքական ծանր իրավիճակը: Իրադրությունը բավական ծանր է հարևան մի շարք պետություններում` Ռուսաստանում, Թուրքիայում, Ուկրաինայում: Բացի այդ մեր քաղաքական հակառակորդները մտածված կերպով խուճապ էին սերմանում` ֆինանսական շուկայում արհեստական աժիոտաժ ստեղծելով»,- ասել էր Ղարիբաշվիլին:

Վերջին մեկ շաբաթում արդեն Վրաստանի կառավարությանն ու Ազգային բանկին հաջողվեց սահմանափակ ֆինանսական ինտերվենցիաների միջոցով ոչ միայն կայունացնել ազգային տարադրամի վիճակը շուկայում, այլև ամրապնդել լարիի դիրքերը: Այսօր 1 ամերիկյան դոլարի դիմաց վրացական բանկերը միջինը վճարում են 1․84 լարի:

Թուրքիա. Լիրան պատմական ռեկորդներ է սահմանում

Թուրքական ազգային տարադրամը՝ լիրան, ևս արժեզրկվում է: Երեկ թուրքական տարադրամը Ստամբուլի ֆոնդային բորսայում պատմական նվազագույն ցուցանիշ արձանագրեց` 2.41 լիրա 1 դոլարի դիմաց: Չնայած դրան թուրքական կառավարությունը ֆինանսական շուկայում լուրջ միջամտությունների դիմելու մտադրություն չունի: Այդ մասին երեկ երեկոյան NTV հեռուստաընկերության եթերում հայտարարեց Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:

«Չեմ կարծում թե այս զարգացումները որևէ վտանգ են ներկայացնում թուրքական տնտեսության համար: Վստահ եմ նաև, որ լիրայի փոխարժեքի անկումը ի վերջո կկարգավորվի շուկայական մեթոդներով ևկառավարության կողմից ինտերվենցիայի կարիք չի զգացվի»,֊ ասաց Զեյբեկչին:

Ադրբեջան. Մանաթի կայունության գաղտնիքը

Տարածաշրջանի միակ երկիրը, որի ֆինանսական շուկայում կատարյալ անդորր է, Ադրբեջանն է: Երեկ Սաբիրաբադ քաղաքում ունեցած ելույթում Իլհամ Ալիևը բացատրեց այդ կայունության պատճառները:

«Նավթի գինը միջազգային շուկայում կտրուկ անկում է արձանագրել: Որևէ մեկը դա Ադրբեջանում նկատե՞լ է: Չի էլ նկատի, քանի որ մեր տնտեսության հիմքերը ամուր են: Մանաթի փոխարժեքը կայուն է, ինչը վկայում է լավ մտածված սոցիալական և տնտեսական քաղաքականության մասին: Գուցե արտահանումը խթանելու տեսանկյունից մանաթի կայունությունն այնքան էլ դրական երևույթ չէ, բայց սա սոցիալական կարևորություն ներկայացնող հարց է»,- հայտարարեց Ալիևը:

Ի դեպ, չնայած Իլհամ Ալիևի հավաստիացումներին, Բաքվում շրջանառվող լուրերի համաձայն, մանաթի փոխարժեքը կարող է անկում արձանագրել արդեն հունվարին: Դա է պատճառը, որ ըստ որոշ ադրբեջանական լրատվամիջոցների՝ շարքային ադրբեջանցիները վերջին մի քանի օրերին փորձում են բանկերից դոլար և եվրո ձեռք բերել: