Կառավարությունը աջակցում է կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված ջանքերին։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի հետ կապված հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասվում է, որ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունը ապահովելու համար միջոցառումներ են ձեռնարկում։
Վարչապետ Աբրահամյանը կոչ է անում ավանդատուներին վստահ լինել, որ Հայաստանն ունի ավանդների երաշխավորման գործուն համակարգ և «թե՛ կառավարությունը, թե՛ Կենտրոնական բանկը անում են ամեն ինչ՝ քաղաքացիների ավանդների պաշտպանության համար»:
Հովիկ Աբրահամյանը խոսում է նաև սպառողական ապրանքների անհիմն թանկացումներից, իսկ ֆինանսական շուկայի ներկա զարգացումները պայմանավորում գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք ըստ նրա զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից:
«Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար», - ասված է վարչապետի հայտարարության մեջ:
Այսօր հարցը նաև պատգամավորների օրակարգում էր։ Խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերը «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրես, «Օրինաց Երկիրը» և «Ժառանգությունը» ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի հարցով արտահերթ նիստ են նախաձեռնում։ ԲՀԿ-ի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ անհրաժեշտ ստորագրությունները արդեն հավաքել են։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ այսօր հայտարարեց, որ քննարկմանը իրենք էլ են կողմ, իսկ ոչ իշխանականների ստորագրահավաքին միացել են։
Հարցը քննարկելուն կողմ են նաև Հանրապետական խմբակցությունում, մինչդեռ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իրենք կողմ են միայն փակ քննարկմանը։
«Հարցը շատ գայթակղիչ է, հարցը շատ մտահոգիչ է, տեսախցիկների և լրատվամիջոցների ներկայությունը կարծում եմ, այդքան արդյունավետ չի լինի: Եթե մենք պետք է նստենք, իրար մեղադրենք, զգացմունքային հայտարարություններ անենք, կարծում եմ, մեր խնդիրը դա չէ», - հայտարարեց Շարմազանովը: