Ռուբլին` սրընթաց անկման վիճակում

Ռուսական ռուբլին և ամերիկան դոլարը, Կաւֆբերեն, Գերմանիա, 16 դեկտեմբերի, 2014թ.

Շարքային քաղաքացիներից շատերը ռուբլու արժեզրկումը բացատրում են Արևմուտքի դավերով։

Ռուսաստանցի մեկնաբաններից մեկի պատկերավոր ձևակերպմամբ, ազգային տարադրամը` ռուբլին, այս շրջանում նման է դժբախտ օդանավի, որի վառելիքը սպառվել է, շարժիչները շարքից դուրս են եկել, բոլոր օրենքներից ուժի մեջ է մնացել միայն երկրի ձգողականությունը, անկառավարելի մեքենան ահագնացող արագությամբ սլանում է ներքև։

Թռիչքների կառավարման կենտրոնը` Դաշնության Կենտրոնական բանկն է, որը փորձում է մի ճար անել և կանխել աղետը։

Շաբաթներ շարունակ ԿԲ-ն դոլարային ահռելի ներարկումների միջոցով ցանկացել է զսպել գնանկումը, սակայն դոլարի ու եվրոյի վերելքը շարունակվել է։

2014-ին ԿԲ-ն իր պահուստներից ընդհանուր հաշվով մոտ 80 միլիարդ դոլար է դրել շրջանառության մեջ ռուբլու գինը կայունացնելու համար։

Կենտրոնական բանկը վարկավորման տոկոսադրույքն այս տարվա ընթացքում վեց անգամ է բարձրացրել, անցած շաբաթ 9.5 տոկոսից հասցրել է 10.5, բայց անկումը շարունակվել է։

Երեկ ռուբլին գրանցել է 1998 թվականից ի վեր ամենացածր փոխարժեքը` ԱՄՆ մեկ դոլարի գինը գերազանցել է 64 ռուբլին։ Այդ պայմաններում ԿԲ-ն անցած գիշեր որոշել է դիմել լուրջ վիրահատական գործողության և վարկավորման տոկոսադրույքը բարձրացրել է միանգամից մինչև 17 տոկոսի։

Դրանից հետո ռուբլին փոքր-ինչ արժեվորվել է, սակայն որոշ ժամանակ անց նորից անկում է սկսվել։ Այսօր մեկ դոլարի գինը հասել է 80 ռուբլու, մեկ եվրոյինը` 100։

Այս տարվա ընթացքում ռուբլին գրեթե 50 տոկոսով արժեզրկվել է։ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան այսօր ասել է, որ այս ծանր վիճակում անհրաժեշտ են կառավարության և ԿԲ-ի համակարգված գործողություններ։

Նաբիուլինան սակայն հավատում է, որ այնուամենայնիվ, այսպես ասած, չկա չարիք առանց բարիքի։

«Ռուբլու զգալի թուլացումը տնտեսության համար ունի բազմավեկտորային նշանակություն, այդ թվում ընձեռում է ներկրումը փոխարինելու հնարավորություն»,- ասել է ԿԲ նախագահը։

Նաբիուլինայի խոսքերով, պետք է մշակել հարկերի և սակագների հայեցակարգ, որը թույլ կտա զսպել սղաճը։

Վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ այսօր գումարելու է հատուկ խորհրդակցություն, որի օրակարգում կլինի երկրի ֆինանսական վիճակը։

Ռուսաստանում եկամուտների ավելի քան 50 տոկոսը նավթն ու գազն են ապահովում։ Համաշխարհային շուկայում նավթի աննախադեպ գնանկում է, դրան գումարենք նաև ուկրաինական ճգնաժամի առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները։

«Բրենտ» տեսակի նավթի մեկ բարելի գինն այսօր 60 դոլարի էլ չի հասել, մինչդեռ, պետական բյուջեի հավասարակշռությունն ապահովելու համար ռուսները պետք է բարելը վաճառեն գոնե 100 դոլարով։

Ռուսաստանի Կենտրոնական բանկի փորձագետները 2015-ին տնտեսության 4.5-ից 4.7 տոկոսի անկում են կանխատեսում։

Դրամագլուխը խուճապահար փախուստի է դիմում։ Ենթադրվում է, որ Դաշնության տարածքից դուրս հանվող արտարժույթի ծավալը մինչև տարեվերջ կհասնի 120 միլիարդ դոլարի։

Ռուսական տնտեսության ճգնաժամի հետևանքով որոշակի անկում են գրանցել նաև Դաշնության հետ համագործակցող արևմտյան ընկերությունները` «Ռայֆայզեն» ավստրիական բանկը, Ֆինլանդիայում ավտոդողեր արտադրող «Նոկիանը» և գարեջուր արտադրող դանիական «Կարլսբերգը»։

Շարքային մարդկանց զգալի մասը համոզված է, որ ներկայիս բոլոր խնդիրների համար մեղավորը նենգ Արևմուտքն է, ահա մեր ռադիոկայանի անցկացրած փոքրիկ հարցախույզի արդյունքները։

70-ամյա թոշակառու Մարիա Իվանովան համոզված է, որ սա Եվրամիության պատժամիջոցների հետևանքն է, բայց ինքը հավատում է Պուտինին։

«Պուտինի համար հիմա շատ դժվար է, բայց Աստծո օգնությամբ Դաշնությունը ոտքի կկանգնի»,- ասել է թոշակառուն։

42-ամյա Օքսանան մեղադրում է պատժամիջոցները, բայց և ասում, թե տարօրինակ է, որ նավթի գինն ընկնում է, իսկ բենզինինը բարձրանում, սա նշանակում է, որ, կարծես թե, երկրում ճգնաժամ է։

Դենիսը և Ալեքսանդրը նշում են ոչ միայն պատժամիջոցներն, այլև հումքային տնտեսության գործոնը։ «Մենք արտահանքղ երկիր ենք, նավթի գնանկում է»,- ասում են երիտասարդ մոսկվացիները։

30-ամյա Նատալիայի համոզմամբ, թշնամին օվկիանոսից այն կողմ է։

«Ամերիկյան դեմոկրատիան է մեղավոր։ Այդ հիմար ամերիկացիների մեքենայությունները, իրականում երկրում ամեն ինչ շատ լավ է, և յուրաքանչյուրն Ամանորին կունենա փայլուն տրամադրություն, ամեն ինչ լավ կլինի»,- համոզված է լավատես Նատալիան։

Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինն այսօր իր թվիթերյան էջում գրել է, թե ռուբլու արժեզրկումը ոչ միայն նավթի ցածր գնի կամ պատժամիջոցների, այլև կառավարության ձեռնարկած տնտեսական քայլերի նկատմամբ վստահության պակասի հետևանք է։