2014-ին աշխարհում 66 լրագրող է սպանվել, նրանց դեմ հարձակումները ավելի բարբարոս են դարձել

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն՝ 2014 թվականին աշխարհում 66 լրագրող է զոհվել իր մասնագիտական պարտականությունները կատարելիս:

Փարիզում տեղակայված իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ Սիրիայում լրագրողների գլխատումները լավագույնս ցույց են տալիս, թե ինչ վտանգների են առնչվում լրագրողները՝ պատերազմական գոտիներում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:

«Լրագրողները հազվադեպ են սպանվել այսպիսի բարբարոս քարոզչության պատճառով՝ շոկի մեջ գցելով ողջ աշխարհը»,- ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այսօր հրապարակված զեկույցում:

Լրագրողների առևանգումների դեպքերը 2014-ին աճել են 37 տոկոսով (119 դեպք):

Զեկույցի համաձայն՝ լրագրողներ համար ամենամահացու երկրներն են Սիրիան, Պաղեստինը, Ուկրաինան և Իրաքը: Ամենաշատ լրագրողների բանտարկել է Չինաստանը, այնուհետև Էրիթրեան և Իրանը:

Զեկույցում նաև նշվում է, որ Ադրբեջանը «Եվրոպայի ամենամեծ բանտն է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար»: Զեկույցի հեղինակները ընդգծում են հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովայի դեպքը, ով այժմ կալանավորված է: