Ազգային ժողովի 4 խորհրդարանական խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանն» ու «Օրինաց երկիրը», այսօր բոյկոտեցին արտահերթ նիստը՝ պահանջելով մինչև օրակարգի մյուս հարցերին անցնելը, արտահերթ նիստ հրավիրել և քննարկման առարկա դարձնել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստը, ինչպես նաև վերջին օրերին երկրում արձանագրված բռնության դեպքերը:
«Հաշվի առնելով երկրում ստեղծված բեսպրեդել իրավիճակը, երբ տարբեր կարգի թափթփուկներ կարող են ազատամարտիկ ծեծել, երբ չակերտավոր հայրենասեր կարող է ապտակել մեր գործընկեր Արամ Մանուկյանին, «Բարգավաճ Հայաստանը» առաջարկում է ընդհատել նիստը, հրավիրել արտահերթ նիստ, քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը, այլապես «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է, որ ինքը բոյկոտելու է այս արտահերթ նստաշրջանը», - մասնավորապես, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հայտարարեց, որ ժողովուրդն այսօր նախևառաջ սպասում է, որպեսզի խորհրդարանը գնահատական տա երկրում արձանագրվող բռնության դեպքերին:
«Եթե չենք քննարկելու ստեղծված իրավիճակը, մենք նույնպես բոյկոտելու ենք արտահերթ նիստը», - հայտարարեց Հակոբյանը:
Նիստը բոյկոտելու որոշմանը միացավ նաև «Օրինաց երկիրը»: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին բռնության ենթարկելով՝ իրականում բռնության են ենթարկել բոլոր պատգամավորներին:
«Դա ապտակ էր ողջ Ազգային ժողովի 131 պատգամավորի նկատմամբ: Այդ առումով, մենք գտնում ենք, որ պետք է իսկապես դադարեցնել նիստերը, հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու տեղի ունեցածը», - ասաց Բիշարյանը:
Եթե ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու «ՕԵԿ»-ը հանդես եկան արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով , ապա Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջարկեց Ազգային ժողովի նախագահին տվյալ հարցի շուրջ խորհրդակցություն անցկացնել՝ ընդգծելով, որ դատապարտում են և՛ ազատամարտիկների, և՛ Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցածը:
«Խորհրդակցության արդյունքում գտնենք ձևը արձագանքելու՝ դատապարտման եղանակով, Ազգային ժողովի կողմից և դրա համար մենք առաջարկում ենք 20 րոպե ընդմիջում», - ասաց Դաշնակցության ներկայացուցիչը:
Շուրջ 20 րոպե խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ընթացող նիստը ընդհատել չեն կարող, բայց պատրաստ են դատապարտող հայտարարություն ընդունել:
«Եթե նպատակահարմար կգտնենք, կարող ենք վեցն անց կեսից հետո արտահերթ նիստ հրավիրել այդ կապակցությամբ, բայց այն, որ խոսքը գնում էր այս արտահերթ նիստը ընդհատելու մասին՝ դա օրենքների հետ որևէ աղերս չունի, դա անհնարին պրոցես է», - ասաց ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանի այս հայտարարությունը չբավարարեց ընդդիմադիր ուժերին՝ բացառությամբ Դաշնակցության: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հայտարարեց նիստը բոյկոտելու մասին և ընդդիմադիրները դուրս եկան դահլիճից:
Ի պատասխան ընդդիմադիրների այս որոշման, Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե նրանք պարզապես ցանկանում են ձախողել խորհրդարանի աշխատանքը, ինչը չստացվեց: Ամեն դեպքում, Սահակյանը հանդես եկավ առաջարկով՝ ներկայացնելով բռնությունները դատապարտող հայտարարության նախագիծ:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, խորապես մտահոգված լինելով վերջին օրերին մեր երկրում հայտնի գործիչների նկատմամբ բռնություն կիրառելու անընդունելի երևույթներով, ակնկալելով իրավապահ մարմինների օպերատիվ և անաչառ գործունեությունը մեղավորներին հնարավորինս արագ բացահայտելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար, հայտարարում են, որ խստորեն դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն որևէ քաղաքացու և հատկապես քաղաքական ու քաղաքացիական գործիչների նկատմամբ», - հայտարարության տեքստի իր տարբերակն ընթերցեց ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանը առաջարկեց խորհրդարանական բոլոր ուժերին միանալ այս նախագծին ՝ ընդգծելով, որ պատրաստ են ձևակերպումների մեջ փոփխություններ մտցնել , սակայն արտահերթ նիստ հրավիրելու մասին Ազգային ժողովի նախագահը ոչինչ չասաց:
Հավելենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեզ փոխանցեց, որ այժմ նիստը բոյկոտած ուժերով պատրաստում են արտահերթ նիստ հրավիրելու մասին որոշման նախագիծ, և անհրաժշետ 44 ստորագրություններ ապահովվելու համար դիմելու են նաև իշխող Հանրապետականին: