Տնտեսագետի համոզմամբ գազն ու հոսանքը կրկին կթանկանան

Your browser doesn’t support HTML5

«Գազպրոմ Արմենիայից» փոխանցում են, որ այս պահին գազի սակագնի վերանայման անհրաժեշտություն չկա։

Գազ, էլեկտրաէներգիա վաճառող ընկերությունները անխուսափելիորեն բարձրացնելու են սակագները, համոզված է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Ազատության» հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը մանրամասնեց, որ ընկերությունների հաշվարկների հիմքում ամերիկյան դոլարն է, որի միջոցով էլ իրենց գնումներն են կատարում արտերկրում, և եթե դոլարը թանկանում է, պետք է թանկանա նաև իրենց ապրանքը, կամ ծառայությունը:

Այսօր՝ օրվա երկրորդ կեսին ԱՄՆ մեկ դոլարի գինը բանկերում անցավ 510 դրամ սահմանագիծը, նոյեմբերի սկզբին այն 410 դրամ էր։

«Թե ինչքանով կբարձրանա, չեմ կարող ասել, համենայնդեպս, ելնելով հայ-ռուսական վերջին՝ անցյալ տարվա այս ժամանակներում կնքված համաձայնագրից, երբ հայկական կողմը շատ «հաջողությամբ» կարողացավ վաճառել իր վերջին բաժնեմասը, որ ուներ «Հայ-ռուս գազարդում», այդ համաձայնագրի մեջ հստակ ամրագրված է, որ առնվազն 30 տարի՝ մինչև 2043 թվականը Հայաստանի հանրապետության իշխանությունները պետք է ապահովեն բոլոր պայմանները, որպեսզի «Գազպրոմ-Արմենիա» կազմակերպությունը մշտապես ունենա 9 տոկոս շահութաբերություն, ծախսերը, ամորտիզացիան, ինչպես որ նախատեսված է, պետք է ընդգրկվեն սակագնի մեջ», - ասաց Վահագն Խաչատրյանը։

Տնտեսագետի խոսքով, գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի բազմաթիվ այլ ապրանքների ու ծառայությունների թանկացմանը:

«Հանրային տրանսպորտի գինը կվերանայվի, դա այլևս որևէ կասկած թող չհարուցի, որովհետև դրա սակագնի հաշվարկման մեջ գազի կամ վառելիքի ծախսը հիմնական տոկոսն է կազմում, և նույնը տեղի կունենա նաև մնացած ոլորտներում», - նշեց Խաչատրյանը։

«Գազպրոմ Արմենիա»․ «Ժամանակը ցույց կտա», թե կբարձրանա արդյոք գինը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ «այսօրվա դրությամբ հանձնաժողովը հանրային ծառայություն մատուցող որևէ ընկերությունից սակագնի վերանայման մասին հայտ չի ստացել»:

Մինչդեռ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը այսօր մեզ ներկայացրեց, թե ինչ փոխարժեք է դրված գազի ներկայում գործող սակագնի հիմքում՝ 416.5 դրամ մեկ դոլարի դիմաց:

«Մենք ևս հետևում ենք արժույթի շուկայում արձանագրվող գործընթացներին, քանի որ ընկերությունը ևս իր ռիսկերը հաշվելու խնդիր ունի։ Ներկրված բնական գազի դիմաց մատակարարվող վճարումների մասով, քանի որ դրանք կատարվում են դոլարով։ Ինչ վերաբերում է սակագնի վերանայման հայտով հանձնաժողովին դիմելուն, ապա այս պահին դրա անհրաժեշտությունը չկա։ Ճիշտ է, ընկերությունը վնասներ է կրում, սակայն դա հիմք չի հանդիսանում հրատապ դիմելու հանձնաժողովին», - նշեցՍարդարյանը։

«Ազատության» հարցին, թե եթե դրամ-դոլար այսօրվա փոխարժեքը առաջիկայում պահպանվի, կամ եթե դրամը շարունակի արժեզրկվել, արդյո՞ք «Գազպրոմ Արմենիա»-ն չի դիմի հանձնաժողովին՝ գազի սակագինը բարձրացնելու համար, Սարդարյանն այսպես արձագանքեց. - «Ես էս պահին ասեցի, ինչ որ մեր դիրքորոշումն է, թե ապագայում՝ ինչ, ոնց, ժամանակը ցույց կտա»։

Հոսանքի ու հեռախոսակապի գնի բարձրացման վերաբերյալ «առայժմ որոշում չկա»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դրամի փոխարժեքի այս փոփոխության պայմաններում ուսումնասիրում են ընկերության ֆինանսական կայունությունը։ Սարջանյանը հավելեց, որ «այս պահին որևէ որոշում չկա՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու վերաբերյալ»:

Հացրին, թե եթե դրամ-դոլար այսօրվա փոխարժեքը առաջիկայում պահպանվի, կամ եթե դրամը շարունակի արժեզրկվել, դարձյա՞լ չեն դիմելու, Սարջանյանն արձագանքեց. - «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հիմնական ծախսերը դրամային են, դոլարային մասը քիչ է կազմում, այդ պատճառով չեմ կարծում...Ուսումնասիրում ենք այս պահին»։

Հեռախոսակապ տրամադրող ընկերություններից նույնպես փոխանցեցին, որ այս պահին իրենք չեն պատրաստվում բարձրացնել սակագները:

«Այս պահին գների բարձրացման հետ կապված որևէ գործողություն չի արվում, եթե փոփոխություններ լինեն, մենք դրա մասին կտեղեկացնենք», - ասաց «ԱրմենՏել» ընկերության PR բաժնի ղեկավար Տաթև Այրումյանը։

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ևս չի պատրաստվում դիմել կարգավորող մարմնին` դրամի արժեզրկման հետևանքով կրած կորուստները սակագնի բարձրացումով փոխհատուցելու համար: Ազգային տարադրամի փոխարժեքի փոփոխությունը, անշուշտ, բացասաբար է անդրադառնում ընկերության գործունեության վրա»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

«Օրանժ Արմենիա» ընկերությունից խոստացան իրենց դիրքորոշումը ներկայացնել ավելի ուշ: