Օհանյանը «միանշանակ դատապարտում է» ազատամարտիկների դեմ բռնարարքները

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

«Պաշտպանության նախարարը դեռ Մարդու իրավունքների պաշտպանության օրը հայտարարեց, որ ինքը միանշանակ դատապարտում է նման գործողությունները», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ներկայացնելով նախարարի վերաբերմունքը ազատամարտիկների դեմ վերջին բռնարարքների նկատմամբ՝ Հովհաննիսյանը շարունակեց, որ Սեյրան Օհանյանն «անձամբ ուսումնասիրում է այդ պրոցեսները և երեկ իր հայտարարության մեջ ևս մեկ անգամ վերահաստատեց, որ դատապարտում է ցանկացած բռնի գործողություն, այդ թվում՝ առաջին հերթին մեր ազատամարտիկների նկատմամբ, և նաև կոչ է անում չշահարկել այս իրավիճակը և որոշ մարդիկ չփորձեն օգտագործել ինչ-ինչ նպատակներով»։

Նախարարը ծեծի ենթարկված ազատամարտիկների հետ դեռ չի հանդիպել, սակայն, ինչպես նշեց Արծրուն Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների հետ՝ անկախ ամեն ինչից, ծանոթանում նրանց հուզող խնդիրներին։

Սիսակ Գաբրիելյան