Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ երեկ երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ՝ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը։
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
«Հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ միջոցառումներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված տեսանկարահանող սարքի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան բազմահարկ շենքի մուտքում ծեծի է ենթարկվել «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։