Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դատապարտել է վերջին օրերին տեղի ունեցող բռնությունները։
Այսօր տարածած հայտարարությունում Անդրեասյանը նշել է, որ խստորեն դատապարտում է ոտնձգությունները քաղաքական գործիչների նկատմամբ և խորապես մտահոգված է վերջին օրերին քաղաքացիների ավտոմեքենաների հրկիզման, առավել ևս՝ մարդկանց ծեծի, բռնության ենթարկելու դեպքերի մասին տեղեկություններով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին՝ երկու օրվա ընթացքում երևանյան տարբեր բակերում և փողոցներում այրվել է ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների վեց մեքենա։ Դեկտեմբերի 10-ին չորս դիմակավորված անձինք հարձակվել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սուրեն Սարգսյանի վրա և ծեծի ենթարկել, երեկ երեկոյան ծեծի է ենթարկվել «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, օրեր առաջ էլ լրատվամիջոցները գրել էին Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ՝ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին ծեծի ենթարկելու մասին:
«Սուրեն Սարգսյանի դեպքի նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, իմ տեղակալը հանդիպել է նրան, երեկ՝ ժամը 23-ի սահմաններում, իմ ներկայացուցիչներն այցելել են Արամ Մանուկյանի բնակության վայր: Թեև այս պահի դրությամբ Սուրեն Սարգսյանը և Արամ Մանուկյանը մեզ դիմում-բողոքներ չեն ներկայացրել ընդդեմ պետական մարմինների, սակայն պատրաստ ենք հարուցել վարույթներ տուժածներից բողոքներ ստանալուն պես: Անկախ այդ հանգամանքից՝ այս բոլոր գործերի քննությունն առաջիկայում ևս կլինի մեր ուշադրության կենտրոնում», - ասված է օմբուդսմենի հայտարարությունում։
Անդրեասյանը նաև կոչ է արել պետական և քաղաքական գործիչներին, հանցագործությունների բացահայտմանը զուգընթաց, իրենց հրապարակային ելույթներում պահպանել քաղաքական զսպվածության և իրավական էթիկայի նորմերը:
«Խստորեն դատապարտում եմ ցանկացած ոտնձգություն որևէ քաղաքացու և հատկապես քաղաքացիական ու քաղաքական գործիչների գույքի կամ անձի նկատմամբ», - ասել է օմբուդսմենը։