ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանին է մեղադրում Արամ Մանուկյանի և ազատամարտիկների դեմ բռնությունների համար

Your browser doesn’t support HTML5

Սա մի տրամաբանության մեջ տեղավորվող հարձակումների շղթա է, պնդում է ընդդիմադիր կուսակցության խմբակցության ղեկավարը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն անձամբ Սերժ Սարգսյանին է մեղադրում Արամ Մանուկյանի և ազատամարտիկների հանդեպ վերջին բռնությունների համար: Ծեծի ենթարկված պատգամավորը հիվանդանոցում է՝ ուղեղի ցնցում ախտորոշմամբ:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ ժամը 20-ի շրջակայքում՝ բազմահարկ շենքի մուտքում, երբ «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղարը տուն էր վերադառնում:

Ընդդիմադիր պատգամավորը խնդրեց չնկարահանել իր դեմքը՝ նպատակահարմար չհամարելով հանրությանը ցուցադրել բռնության հետքերը: Մանուկյանի աջ աչքն արնաշաղախ էր, ուռած, այտն ուժեղ այտուցված և կապտած:

Պատգամավորի փոխանցմամբ՝ հարվածողը եղել է միջին տարիքի տղամարդ, իրեն ոչինչ չի ասել՝ անմիջապես հասցնելով բռունցքների տարափ: Արամ Մանուկյանը վստահ չէր՝ եղե՞լ է արդյոք հարվածողի ձեռքին ինչ-որ գործիք:

Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը միջադեպի որոշ մանրամասներ պատմելով՝ ասաց, որ Մանուկյանը վերջին շրջանում որևէ զգուշացում, սպառնալիք չի ստացել:

«Վերելակի շքամուտքում անսպասելի հարձակվել է՝ մեկ հոգի է եղել, առաջին հարկում, հարվածել է աչքի ու այտի շրջանում, որից հետո փախել է: Դիմակավորված չի եղել, միջին տարիքի տղամարդ է եղել», - փոխանցեց Մուսինյանը:

«Արամ Մանուկյանը դասական քաղաքական գործիչ է, և նրա վրա հարձակումը կարող է կապված լինել միայն նրա քաղաքական գործունեության հետ: Իսկ մենք այնպիսի երկրում ենք ապրում, որտեղ իշխանության գլուխ ուղղակի հանցագործներն են», - հայտարարեց ընդդիմադիր կուսակցության խոսնակը:

Հիշեցնելով վերջին օրերին երեք ազատամարտիկների դեմ իրականացված բռնությունները՝ Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համոզմունք հայտնեց, որ գործում է ահաբեկչությունների շղթա, չորս դեպքերը կապված են միմյանց հետ:

«Առաջին դեպքում խառնված են եղել [Ոստիկանության զորքերի հրամանատար] Լևոն Երանոսյանի մարդիկ, Լևոն Երանոսյանը դրանից հետո հրապարակային հայտարարություն է արել, որ ով բան ասի Սերժ Սարգսյանին՝ նրա ականջը կկտրի: Սա մի հայտարարություն է, որով իրենք, ըստ էության, մատնում են իրենց: Լևոն Երանոսյանը, ըստ էության, ասում է, որ ինքը կատարում է Սերժ Սարգսյանի հանձնարարականը», - հայտարարեց Զուրաբյանը:

Ի պատասխան հստակեցնող հարցի, թե կարո՞ղ էր արդյոք միջադեպը կապված լինել եռյակի հանրահավաքներից մեկում Սերժ Սարգսյանի հասցեին Արամ Մանուկյանի արած և հանրապետականների զայրույթը հարուցած արտահայտության հետ, Զուրաբյանը կրկնեց, թե սա մի տրամաբանության մեջ տեղավորվող հարձակումների շղթա է․ - «Իշխանության շակալները հարձակվել են ընդդիմության ներկայացուցիչների վրա: Դրանով փորձում են իբր թե, իրենց պրիմիտիվ պատկերացումներով, կոտրել համաժողովրդական շարժման այս բարձրացրած ալիքը»:

ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով, թեև հանցագործները հատուկ ընտրել են նկարահանող սարքերի տեսադաշտից դուրս տարածք, այդուամենայնիվ, տեղեկացված չեն եղել, որ շենքի մուտքը նկարահանվում է բնակիչներից մեկի մասնավոր տեսախցիկով: «Երևի պրոֆեսիոնալ չեն կազմակերպել, ժամանակին վայրը չեն ուսումնասիրել: Հիմա, կա տեսագրություն, տեսագրությունը առգրավված է, և այդ տեսագրությամբ ոստիկանությունը մեկ րոպեյվա ընթացքում կարող է պարզել հարձակվողի անձը: Շատ պարզագույն խնդիր է դրված, և եթե դա չարվի, դա ուղղակի մի ավելորդ ապացույց կլինի, որ այս հանցագործության հետևում կանգնած է Սերժ Սարգսյանը և իշխանությունը», - ասաց Զուրաբյանը:

Իրավապահները հաստատում են, որ տարածքում առկա է նաև տեսանկարահանող սարք, որի տեսագրությունը հետազոտվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Բռնության դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը, որը պատժվում է տուգանքով կամ առավելագույնը երկամսյա կալանքով:

Հայ ազգային կոնգրեսը, սակայն, արդեն հայտարարում է, որ Արամ Մանուկյանի և ազատամարտիկների դեմ կատարված հանցագործությունների համար մեղադրում է անձամբ Սերժ Սարգսյանին:

Լևոն Զուրաբյանը փոխանցեց, որ միջադեպի մասին տեղեկացրել է Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին՝ պնդելով, որ իշխանությունները բացահայտ գնում են ահաբեկչական գործողությունների:

«Իշխանությունների և Սերժ Սարգսյանի հաշվարկը այն է, որ իր կարծիքով՝ սրանից պետք է վախենա հասարակ ժողովուրդը: Պարզ, բթամիտ, պրիմիտիվ բռնապետների հարիր մի հաշվարկ: Նրանք չեն հասկանում, որ այս ամենը իրականում ավելի շատ սրելու է ատելությունը ժողովրդի, հանրության, հասարակության՝ այս ռեժիմի դեմ: Ուղղակի շատ վատ է, որ բոլոր բռնապետները էս դասերը սովորում են հետո, երբ որ այդ ամենը կատարվում է», - հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: