ՀԱԿ-ը ազատամարտիկների վրա հարձակումները դատապարտող հայտարարություն է տարածել

Այսօր Ազգային Ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ազատամարտիկների վրա հարձակումները «փոքրոգի ու զազրելի» արարք է որակում:

«Համաժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է ազատամարտիկների նկատմամբ իրականացված նողկալի արարքը, կոչ անում հասարակության բոլոր շերտերին ու անդամներին համախմբվել Համաժողովրդական շարժման շուրջ՝ օր առաջ լուծելու համար ամբողջական և համակարգային իշխանափոխության առաջնահերթ խնդիրը», - ասված է հայտարարության մեջ:

Խմբակցությունը նշում է, որ հասարակությանը ցնցեց դեկտեմբերի 9-ին արցախյան ազատամարտի հրամանատարներ, Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանի («Ապարան» ջոկատի հրամանատար) եւ Մանվել Եղիազարյանի («Արաբո» ջոկատի հրամանատար), իսկ դեկտեմբերի 10-ին Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ եւ մամլո խոսնակ Սուրեն Սարգսյանի վրա ավազակային հարձակումները։

«Փոքրոգի ու զազրելի այս արարքով Սերժ Սարգսյանի վարչախումբը նաև ցուցադրում է իր վախը ամբողջական իշխանափոխության օրակարգով ծավալված Համաժողովրդական շարժման նկատմամբ, որին աջակցում է նաեւ Ազատամարտիկների դաշինքը», - նշվում է հայտարարության մեջ։