Եռյակը մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված հանրահավաք-երթ անցկացրեց

Ոչ իշխանական խորհրդարանական եռյակը՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը» և Հայ ազգային կոնգրեսը այսօր հանրահավաք և երթ անցկացրեցին Երևանում։ Հանրահավաք-երթը նվիրված է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան։

Այս երթը վերջին յոթ տարիներին անցկացնում էր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադ ՀԱԿ-ը. այսօր փաստորեն ՀԱԿ-ին էին միացել եռյակի մյուս երկու անդամները։

Երթի մեկնարկից առաջ Ազատության հրապարակում փոքր հանրահավաք տեղի ունեցավ։ ԲՀԿ-ից ելույթ ունեցավ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի ղեկավար Էլինար Վարդանյանը։ Նա խիստ քննադատեց մարդու իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանում։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրապարակեց եռյակի միասնական հայտարարությունը, որում նշվում էր, որ առաջիկայում եռյակը հանդես կգա միասնական ժամանակացույցով, ծրագրով, որտեղ կներկայացնի, թե ինչ ժամանակահատվածում և ինչ միջոցներով է հասնելու ամբողջական իշխանափոխության։ Զուրաբյանը չբացառեց, որ դա կներառի նաև զանգվածային միջոցառումներ, հանրահավաքներ և երթեր։

Ինչպես նախապես հայտարարվել էր, եռյակի առաջնորդներից Լևոն Տեր-Պետրոսյանը և Գագիկ Ծառուկյան չէին մասնակցում այսօրվա միջոցառմանը։ Ծառուկյանի խոսնակը չէր մանրամասնել, թե ինչու կուսակցության առաջնորդը չի մասնակցում հանրահավաքին-երթին, միայն նշել էր, որ հրապարակում ԲՀԿ-ականներ կլինին։

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությանը, ապա Կոնգրեսից հայտնել էին, որ նա, որպես կանոն, այս միջոցառմանը չի մասնակցում։

Միայն «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էր ներկա հանրահավաք-երթին, ով «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց այն նախագիծը, որը նա ներկայացրել է եռյակի մյուս առաջնորդներին։ Այդ նախագծում նշված էր, որ եռյակը պետք է համաձայնության գա արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու հարցում։ Հովհաննիսյանն ասաց՝ այսօր իր այդ պայմանը ուժի մեջ է, և ինքը շարունակում է սպասել։