Մարդու իրավունքների օրը Հայաստանում շարունակում են նշել բողոքով

Հայաստան - Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանի կենտրոնում ընդդիմության կազմակերպած երթը 2010 թվականին

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության օրը բողոքի ակցիայով սկսեցին նշել 6 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից 9 ամիս անց: Քաղաքական և քաղաքացիական ընդդիմադիր հայացքներով հայտնի մարդիկ տարիներ շարունակ դժգոհում են չդադարող իրավախախտումներից:

2008-ին Հայաստանում մարդու իրավունքների միջազգային օրը սկսեցին երթով հիշել, երբ դատարանում էր «7-ի գործը»: Հիմա այդ գործով տասնյակ դիմումներ կան Եվրոպական դատարանում՝ Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մարդու հիմնարար իրավունքների խախտումների վերաբերյալ ծավալուն փաստարկներով:

2008-ին և հաջորդած տարիներին՝ մինչ օրս, անպատիժ են մնացել մարտի 1-ին մարդու ամենաբարձր իրավունքի՝ կյանքի իրավունքի խախտման դեպքերը: Մարտի 1-ի 10 սպանությունների պատասխանատուները դեռևս չեն պատժվել՝ չնայած տարբեր ժամանակներում հրապարակված միջազգային կառույցների հորդորներին և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացումներին:

Դեռևս 2008 թվականին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գնահատել էր․ - «Մարդու իրավունքների տեսանկյունից մեր երկրում իրավիճակն անբավարար է: Կան համակարգային խնդիրներ, որոնք վերաբերում են իրավունքի բոլոր ճյուղերին՝ քաղաքացիական ազատություններից սկսած մինչև սոցիալ-տնտեսական իրավունքները»:

Անցած 6 տարիներին Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային հեղինակավոր կառույցների զեկույցներում բազմիցս կրկնվել են այս և նույնաբովանդակ մի շարք այլ ձևակերպումներ:

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությունից ավելի քան 13 տարի անց, իսկ մարտի 1-ի դեպքերից 6 տարի անց Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, գնահատելով Հայաստանում մարդու իրավունքների ապահովման հարցում պետության գործունեությունը, նշել էր. - «Մարդու իրավունքների ամենանշանակալից խնդիրներն են կառավարությունում կոռուպցիան, թափանցիկության պակասը և քաղաքացիների սահմանափակ իրավունքը՝ փոխելու իրենց կառավարությունը, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը»:

Հայաստանում մարդու իրավունքների վիճակին առնչվող գնահատականներում դեռ հաճախ են նշվում «քաղբանտարկյալ», «քաղաքական հետապնդում» արտահայտությունները:

Հայաստանի իշխանությունները շարունակում են հերքել քաղաքական հետապնդումների վերաբերյալ գնահատականները:

Ընդդիմախոսները վկայակոչում են 2012 թվականին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած 1900-րդ բանաձևը, որը սահմանում է քաղաքական բանտարկյալի առկայությունը որոշելու չափանիշները: Այդ չափանիշները մեկնաբանելով, «Նոյեմբերի 5»-ի՝ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատավարության մեկնարկին բողոքի ակցիա իրականացնելուց հետո կալանավորված Հայկ Կյուրեղյանի, ինչպես նաև քաղաքական պայքարից հետո դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանները դատարաններում շարունակում են պնդել, որ նշված մարդիկ քաղաքական բանտարկյալ են:

Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունը մարդու իրավունքների պաշտպանության օրվա վերաբերյալ իր զեկույցում նշել է․ - «Մենք դատապարտում ենք այն իշխանություններին, որոնք ոտնահարում են որևէ անձի կամ խմբի իրավունքները»:

Ուղերձում նաև նշված է․ - «Կոչ եմ անում պետություններին՝ մարդու իրավունքները պաշտպանելու իրենց պարտավորությունը հարգել տարվա բոլոր օրերին: Կոչ եմ անում մարդկանց՝ իրենց կառավարություններից պատասխան պահանջել: Եվ կոչ եմ անում հատուկ պաշտպանություն ապահովել իրավապաշտպանների համար, որոնք խիզախորեն ծառայում են մեր ընդհանուր գործին»: