Կոսովոն դարձավ Միջազգային օլիմպիական կոմիտեի լիիրավ անդամ

Կոսովո - Ձյուդոյի կանանց չեմպիոն Մաջլինդա Կելմենդի և Կոսովոյի նախագահ Աթիֆեթե Յահյագա, արխիվ

Կոսովոն դարձավ Միջազգային օլիմպիական կոմիտեի լիարժեք անդամ: Երեքշաբթի օրը Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ընդունած այս որոշումը նշանակում է, որ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում Կոսովոն առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին։

2008 թվականին անկախություն ինքնահռչակած Կոսովոն որպես անկախ պետություն ճանաչել են ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 108-ը: Հատկանշական է, որ առաջիկա Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիրը՝ Բրազիլիան չի ճանաչելԿոսովոյի անկախությունը:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը զայրացրել է Սերբիայի իշխանություններին, որոնք ՄՕԿ-ին մեղադրել են «քաղաքական կողմնակալության» մեջ:

Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչն այն կոչել է «քաղաքական որոշում»՝ պնդելով, որ այն հակասում է Օլիմպիական խարտիային, ինչպես նաև ստեղծում է նոր բաժանումներ:

Սերբիայի սպորտի նախարար, օլիմպիական խաղերի եռակի մրցանակակիր Վանյա Ուդովիչիչն ասել է, որ ՄՕԿ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում սպորտի աշխարհում։

«Ի՞նչ դրդապատճառներով է նման որոշում ընդունվում և լիարժեք անդամակցություն շնորհվում ՄԱԿ-ի կողմից չճանաչված այսպես կոչված պետությանը», - տարակուսանք է հայտնել Սերբիայի սպորտի նախարարը՝ նշելով, որ դա վատ նախադեպ է ապագայի համար և կարող է վտանգի ենթարկել սպորտային աշխարհը։

Սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ Սերբիայի օլիմպիական կոմիտեն ընդունել է Կոսովոյի ճանաչումը, և իրենց որոշման դեմ պաշտոնական բողոք չեն ստացել:

Reuters-ը, վկայակոչելով Թոմաս Բախին, փոխանցել է, որ Սերբիայի օլիմպիական կոմիտեի նախագահն ուրախ չէ որոշման կապակցությամբ, բայց այն ընդունել է՝ ելնելով մարզիկների շահերից:

Իսկ Կոսովոյում, բնականաբար, ուրախ են ՄՕԿ-ի որոշոման համար. երկրի վարչապետ Հաշիմ Թաչին ողջունել է որոշումը, շնորհավորել է Կոսովոյին և բոլոր մարզիկներին ու Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Կոսովոյի դրոշը Ռիո դե Ժանեյրոյում կտանի ձյուդոյի կանանց չեմպիոն Մաջլինդա Կելմենդին։ Նա Կոսովոյի և Ալբանիայի քաղաքացիություն ունի։

Կոսովոն դարձավ Միջազգային օլիմպիական կոմիտեի 205-րդ անդամը: Նշենք, որ ՄՕԿ-ի անդամներն ավելի շատ են, քան ՄԱԿ-ի անդամ երկրները: