Շուրջ տասը տարի քննարկվող «Հին Երևան» նախագիծը մոտենում է իրականացման փուլին։ Նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը նշում է, որ գլխավոր խնդիրն արդեն լուծվել է՝ ներդրող կա և իր համառ պայքարի արդյունքում հին Երևանի մի զգալի մաս կփրկվի անհետացումից։ Խորհրդային և անկախ շրջանում քանդված պատմամշակութային շենքերը ծրագրվում է կառուցել Աբովյան-Բուզանդ և Արամի փողոց-Կողբացի հատվածներում։
«Էդ հատվածում էսօր գոյություն ունի 14 հատ հուշարձան, որոնք կանգնած են փոքր Ֆիլհարմոնիայի շենքից սկսած, Սիլ պլազա և այլն, ջրերի խանութ: Բայց էլի գալիս են՝ ասում են, չեղած տեղը շենք եք կառուցում և այլն։ Ուրեմն, եթե էս ծրագիրը ես չներկայացնեի, նշանակում է էդտեղ մենք 14 հատ հուշարձան շենք նորից պիտի կորցնեինք», - ասում է ճարտարապետը:
Լևոն Վարդանյանը միայն Աֆրիկյանների ակումբի՝ Տերյան 11-ում գտնվող շենքի ապամոնտաժմանն է հետևել։ Դրա քարերը համարակալվել են և կարող են նորից հավաքվել։ Խոստովանում է, որ մյուս հին հուշարձան շենքերի մեծ մասը անփույթ ձևով է քանդվել։ Իսկ «Ազատության» այն հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս են վերականգնվելու շենքերը, որոնց քարերն արդեն չկան, ասաց, որ իր խնդիրը ոչ թե հուշարձան վերականգնել է, այլ քաղաքային հին միջավայր վերստեղծելը։
«Ես միջավայր եմ վերականգնում, ինձ պետք չի, որ վրեն խփվի՝ հուշարձան։ Ինձ պետք ա, որ թոռս երբ որ մեծանա, տեսնի, որ 19-րդ դարին Երևանը ունեցել ա էսպիսի կերպար», - ասում է նա:
Չնայած ծրագիրը մշակութային ուղղվածություն ունի, բայց նախատեսվում է նաև ստորգետնյա կայանատեղի կառուցել, որն ըստ հեղինակների՝ կբեռնաթափի կենտրոնի փողոցները։
«Հին Երևան» ծրագիրն այս տարիների ընթացքում մի քանի հավանական ներդրողներ է ունեցել։ Սկզբում հեղինակները խոսում էին Ռուսաստանի աջակցության մասին, հետո «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունն էր «Հին Երևանը» կառուցելու պարտավորություն ստանձնել։ Ի վերջո Կառավարությունը պայմանագիր կնքեց շվեյցարաբնակ ներդրող Վարդան Սիրմակեսի հետ, ով շենքերի կառուցման համար նախատեսում է տրամադրել 120-150 միլիոն դոլար։ Պայմանագրում չի նշվում, թե «Հին Երևանի» սեփականատերը ինչի համար է շենքերն օգտագործելու։ Հստակ է միայն, որ դրանք բնակելի չեն լինելու։
«Ես ինքս շատ կցանկանամ ու երազում եմ, որ դա լինի հասարակական-մշակութային կենտրոն, այսինքն էն Վերնիսաժը, որ մենք ունենք ամոթալի, խայտառակ․․․ ենթադրենք, պատկերացրեք՝ Վերնիսաժի լյուքս տարբերակը։ Այսինքն ես կուզենամ էնտեղ լինի գորգերի սալոն, որ վաճառում են, ուզում են՝ թող արտադրեն, ասեղնագործություն, խեցեգործություն, այսինքն էն հայկական ինչը որ ունենք ներկայացնելու, եթե առևտրային մասն է՝ էդպիսին լինի։ Բայց զուգահեռ դրա կողքին կցանկանամ ունենալ ցուցասրահներ, թանգարանային կտորներ», - ասում է Վարդանյանը։
Շուրջ 30 շենք ընդգրկող նախագծի մանրակերտը պատրաստ կլինի մարտին, որից հետո այն հանրային քննարկման կդրվի։ Քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդում այն արդեն քննարկվել է։ Խորհրդի անդամ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասում է, որ ինքը ծրագրի հետ կապված գոնե մեկ դրական եզրակացություն չի հիշում։ Ըստ ճարտարապետի՝ այս մտահաղացումն արհեստածին է և աշխարհում ոչ մի տեղ նման բան գոյություն չունի։
«Կստացվի արհեստական մի թաղամաս, որի երկու կողմից փողոց է և էդ փողոցի վրա 10 հարկանի շենքեր են կանգնած։ Դուք պատկերացնո՞ւմ եք էդ շենքերից ինչ տեսարան է բացվում։ Էդ տեղը այլևս քաղաքային միջավայր չի։ Այն հանգստի, հանրային օգտագործման գոտի է։ Իրանք էս ծրագիրը ևս ներկայացնում են, որպես հանրային հանգստի գոտի։ Բայց դա այլևս հանգստի գոտի չի, երբ վաճառում ես մի ինվեստորի, որը գումար է դնում և դառնում է իր սեփականությունը։ Գումարների հարցը լուծված է և դրանից հետո քննարկումը ձևական բնույթ է կրում։ Ավելին, բոլոր քննարկումները որ եղել են, եղել են բացասական։ Ոչ թե ասել են լավն ա, մենակ էսինչ բանը ուղղեք», - պարզաբանում է Քալաշյանը:
Մինչդեռ, նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանի կարծիքով «Հին Երևանի» կառուցումից հետո կիրականանա նաև Թամանյանի ծրագիրը։ Ըստ նրա, հատակագծի տարածքը պետք է հանրային հանգստի գոտի լիներ։
«Իմ են կոլեգաներս, ովքեր Թամանյանի անունը տալով, հաշվի առնելով, որ ժողովուրդը կամ լրագրողները չեն ընկալում, անընդհատ ասում են՝ Թամանյանը բուլվար էր նախատեսել, հա՛, լավ էր արել։ Էսօր որ ես «Երևան» ծրագիրը, որ ներկայացնում եմ, նույնպիսի բուլվար է, ծածկած փողոց է, այսինքն ավելի հարմար պայմաններ եմ ստեղծում, որ տարին 12 ամիս ժողովուրդը էստեղ կարողանա իր ժամանցը կամ հանգիստը անցկացնի», - ասում է նա:
Ծրագրի հեղինակը նաև խոստանում է, որ շենքերը ոչ միայն արտաքինից կվերականգնվեն, այլ հետ կբերեն նախկինում գոյություն ունեցող միջավայրը։ «Հին Երևանի» շենքերը կունենան նաև բակեր ու մառաններ։ Ըստ ընդդիմախոսների, դա ոչինչ չի փոխի։
«Կլինեն ուրիշ բակեր, կլինեն ուրիշ պատեր, կլինի ուրիշ հատակ։ մեջը կլինի ուրիշ դուռ։ Այսինքն իրա պատմական կեցվածքն ու կերպարը ինքն այլևս չի կարող ունենալ։ Իսկ եթե նրա պատմական կերպարը ճակատն է՝ նշանակում է շենքը կդառնա խրտվիլակ։ Ճակատով կլինի շենք, ներսից կլինի խրտվիլակ՝ խոտի դեզ», - ասում է Քալաշյանը:
Ըստ պայմանագրի քաղաքապետարանի և Մշակույթի նախարարության հաստատումից հետո «Հին Երևանը» կկառուցվի հինգ տարվա ընթացքում։