Ադրբեջանական իշխանությունների մութ գործերը բացահայտած լրագրողը՝ Խադիջա Իսմայիլովան, իր տասնյակ համախոհների և գործընկերների հետ նույն հարկի տակ շարունակում է մնալ ճաղերի հետևում:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են՝ Ալիևի վարչակազմը լռեցրեց իրեն քննադատող վերջին ձայնը:
Ամիսներ շարունակ անտեսելով միջազգային հանրության կոչերը՝ երկրում քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների նկատմամբ ճնշումները դադարեցնելու վերաբերյալ, Ադրբեջանի իշխանությունները էլ ավելի մեծ թափ հաղորդեցին այդ քաղաքականությանը, դեռ մի բան էլ՝ հայտարարելով , որ մինչ օրս Ադրբեջանում որևէ քաղաքացի, լրագրող իշխանությունների կողմից հետապնդումների և ճնշումների չի ենթարկվել իր հայացքներն ազատ արտահայտելու համար:
Ալիևի ընտանիքի բիզնես կապերը բացահայտած լրագրող Խադիջա Իսմայիլովան ուրբաթ օրը երկու ամսով կալանավորվեց: Ադրբեջանի իշխանությունները լրագրողի նկատմամբ հետևողական հետապնդումներն իրավական հարթությունում փորձում են հիմնավորել՝ նրա անվան հետ կապելով լրագրող Թուրալ Մուստաֆաևի ինքնասպանության փորձը:
Մուստաֆաևը Խադիջայի նախկին գործընկերն է․ ըստ նրանց ընդհանուր ընկերների հարցազրույցների, Մուստաֆաևը ոստիկանությունում վկայություն է տվել այն մասին, թե իբր Խադիջան իրեն հեռացրել է ոչ միայն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունից, նաև միջնորդել է, որ իրեն հեռացնեն մեկ այլ՝ «Մեյդան TV» հեռուստաընկերությունից, ինչը, իբր, խիստ հուսահատեցրել է Մուստաֆաևին և նա ընթացիկ տարվա մայիսի 1-ին՝ օրը ցերեկով, մարդաշատ մի այգում որոշել է կյանքին վերջ տալ:
Ադրբեջանական մամուլը Մուստաֆաևին ներկայացնում է որպես ոչ ադեկվատ, սկանդալային, անպատասխանատու և անվստահելի կերպար:
Իրավաբաններն էլ հայտարարում են, որ իրավապահները իրավունք չունեին լրագրողին կալանավորել՝ հիմնվելով բացառապես այս անկանխատեսելի խառնվածք ունեցող անձի վկայությունների վրա:
«Խադիջային կալանավորելու իրական պատճառը ոչ թե ինչ-որ մտացածին ինքնասպանության հասցնելն է, այլ նրա լրագրողական գործունեությունը», - «Թուրան» գործակալության հետ զրույցում ասել է իրավապաշտպան Միրվարի Ղահրամանլըն՝ հավելելով, թե ամեն օր Բաքվի Քերօղլու կամրջի վրա բազմաթիվ ինքնասպանության փորձեր են լինում, անգամ ինքնահրկիզման դեպքեր, սակայն մինչ օրս իշխանությունները չեն կալանավորել որևէ մեկին, ով քաղաքացուն հասցրել է ինքնասպանության:
Ադրբեջանում խիզախ լրագրողի համբավ ունեցող Խադիջա Իսմայիլովայի կալանավորումը, չնայած երկրում տիրող վախի մթնոլորտին, քննադատության մեծ ալիք բարձրացրեց: Դատապարտող հայտարարություններով են հանդես գալիս իրավաբաններ, հասարակական գործիչներ, ընդդիմադիր կուսակցություններ:
«Իր լրագրողական հետաքննությունների համար Իսմայիլովան վաղուց է ենթարկվում բարոյական ահաբեկչության», - ասվում է «Ժողովրդական ճակատ»-ի հայտարարության մեջ:
Ընդդիմադիր «ՈւՄԻԴ» կուսակցությունը ՝ թարգմանաբար հույս, համարում է , որ «այս քայլով իշխանություններն էլ ավելի են խորացնում հասարակության մեջ գոյություն ունեցող լարվածությունը»:
«Մուսավաթ» կուսակցությունն էլ պնդում է՝ Իսմայիլովայի կալանավորումը կապված է Ալիևի մութ գործերը բացահայտող հետաքննության հետ:
Իսմայլովան գիտեր իր հնարավոր ձերբակալության մասին. ասում էր, որ չի վախենում: Կալանավորումից մի քանի օր առաջ այս մասին խոսել էր իր տված հարցազրույցներից մեկում. - «Մի քանի անգամ զգուշացվել եմ այդ մասին, և այո՛, հնարավոր է, որ ինձ ձերբակալեն: Դա իմ ցանկությունը չէ, չեմ ուզում ձերբակալվել, բայց նաև չեմ վախենում», - ասել էր լրագրողը:
Իսմայիլովային կալանավորելու մասին լուրերն այս օրերին միջազգային հեղինակավոր պարբերականների առաջին էջերում է:
Foreign Policy պարբերականը «Ադրբեջանի իշխանությունների երկու երեսը» վերնագրի ներքո գրում է, որ Ալիևի վարչակազմը սիրում է ձևացնել, որ իրենք Արևմուտքի գործընկերներ են։
«Եկել է իրականությունը ստուգելու ժամանակը», - գրում է հոդվածի՝ ծագումով ադրբեջանցի հեղինակը՝ շարունակելով․ - «Ադրբեջանի բռնապետ ղեկավարները, որոնց փխրուն լեգիտիմությունը բերում է անկախ կարծիքների ճնշմանը, շահագրգռված են որպես մրցակիցներ ունենալ իսլամիստ ծայրահեղականների։ Նման մրցակիցները թույլ են տալիս ռեժիմին՝ Արևմուտքին ներկայանալ իբրև անփոխարինելի»:
Ադրբեջանի իշխանությունները համառորեն պնդում են , որ Իսմայիլովայի կալանավորումը չունի քաղաքական դրդապատճառ: Մինչդեռ, Իսմայիլովան տարիներ շարունակ հետևողական հետապնդումների էր ենթարկվում, գաղտնի նկարահանումների և սպառնալիքների զոհ էր դարձել, բացի այդ, նրա մասին պարբերաբար մեղադրանքներ պարունակող հոդվածներ էին տպագրվում երկրի իշխանամետ թերթերում: