Արդեն հինգ տարի է Հայաստանի պետբյուջեն փոխհատուցում է ռուսաստանյան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վնասները:
Ընդ որում, անցած տարիների ընթացքում հարկատուների գրպանից վճարվող գումարը տարեցտարի ավելացել է․ եթե 2011-ին պետբյուջեն որպես վնասների փոխհատուցում «Հարավկովկասյան երկաթուղուն» (ՀԿԵ) նվիրել է 167 միլիոն դրամ, ապա այս տարի՝ երեք անգամ ավելի՝ 536.5 միլիոն դրամ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատկանում է ռուսաստանյան պետական «Российские железные дороги» (РЖД) ընկերությանը: 2008 թվականի փետրվարին Երևանում Հայաստանի կառավարության և РЖД-ի միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Հայաստանի երկաթուղային ցանցը՝ իր շարժական և անշարժ գույքով, 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնվեց ռուսաստանյան ընկերությանը:
«Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ սա միակ ընկերությունը չէ, որի վնասները փոխհատուցում են հարկատուները: Ըստ նրա, Հայաստանի իշխանությունները այս ամառ բարձրացեցին էլեկտրաէներգիայի գինը՝ փոխհատուցելու ռուսական «Интер РАО»-ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վնասները․ - «Սա նշանակում է, որ այդ ընկերությունները Հայաստանում արդյունավետ չեն գործում, և մեր պետական մարմինները, համապատասխան լիազորություններով օժտված, արդյունավետ հսկողություն չեն իրականացնում»:
Պարզվում է, հաջորդ տարվա պետբյուջեով ևս նախատեսված է վնասների փոխհատուցում՝ 588.4 միլիոն դրամ: Այսինքն Հայաստանի պետական բյուջեն կազմողները ընդունում են, որ գալիք տարի նույնպես ռուսաստանյան ընկերությունը վնասով է աշխատելու և նախապես գումար են առանձնացրել այն փոխհատուցելու համար:
«Կոնցեսիոն պայմանագրի համաձայն, պետական բյուջեն փոխհատուցում է ընկերության տարվա ընթացքում ունեցած վնասները, որոնք հաշվարկվում են աուդիտորական ընկերության կողմից արված աուդիտի արդյունքներով», - նշեց Մարուքյանը՝ շարունակելով․ - «Եվ քանի որ տարեցտարի այդ վնասների գումարները, բյուջեից գնացող, մեծանում են, ես արդեն երկու տարի է մտահոգություն եմ հայտնում, բարձրաձայնում եմ այս խնդիրը, որ պետք է ինչ-որ բան արվի այս ուղղությամբ՝ հասկանալու համար, թե ինչպես են այս վնասները ձևավորվում և ընդհանրապես ինչպես են դրանք գնահատվում: Որովհետև դա լուրջ կասկածների տեղիք է տալիս, որ կա՛մ վատ կառավարում է տեղի ունենում (օրինակ, ինչպես «Հայաստանի էլեկտրական ցանցերի» դեպքում ասվեց, երբ էլեկտրաէներգիան թանկացվեց), կա՛մ ուղղակի ինչ-որ բարձիթողի վիճակ է, կա՛մ աուդիտորական տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Իրական ներդրումներ մենք չենք տեսնում այդտեղ, այսինքն ես չեմ տեսել նոր գնացքները, հարմարավետ կուպեներ, հարմարավետ տեղափոխման համար պայմաններ․․․ Կարող է թղթի վրա արել են ներդրումներ, բայց իրականում կյանքում շոշափելի ներդրումներ մենք չենք տեսնում: Եվ տեսնում ենք վնասներ, որոնք պետբյուջեից վճարվում են»:
«Ազատության» հարցին, թե Հայաստանի իշխանությունները ինչու են որոշել հարկատուներիս հաշվին փոխհատուցել օտարերկրյա ընկերության վնասները, որը խոսատցել էր լուրջ ներդրումներ կատարել, Ֆինանսների նախարարությունից արձագանքեցին, որ պետբյուջեն փոխհատուցում է վնասները, քանի որ նման պարտավորություն է իր վրա վերցրել Հայաստանի կառավարությունը կոնցեսիոն պայմանագրով: Դեռ ավելին՝ Կառավարությունը ընկերության վնասները պետք է փոխհատուցի մինչև պայմանագրի ժամկետի ավարտը՝ 2038 թվականը:
Մի կետ էլ՝ եթե 2009-2010 թվականներին պետբյուջեն փոխհատուցել է վնասների 10 տոկոսը, 2014-2015 թվականներին պետք է փոխհատուցեի վնասների 25 տոկոսը, ապա 2016 թվականից Հայաստանի հարկատուները փոխհատուցելու են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վնասների 30 տոկոսը:
Ի դեպ, կնքելով կոնցեսիոն պայմանագիրը՝ 2008-ին РЖД֊-ն խոստացավ Հայաստանի երկաթուղային տնտեսության մեջ ներդնել 572 միլիոն դոլար, ընդ որում` 230 մլն դոլարը` առաջին հինգ տարիների ընթացքում:
«Շրջափակված հայկական երկաթուղիներում կատարելով այդ ծավալի ներդրումներ, ես համոզված եմ, որ «Ռուսաստանյան երկաթուղիներ»-ը կանեն ամեն ինչ, որպեսզի հայկական երկաթուղին դառնա ժամանակակից երկաթուղի», - ստորագրման օրը հայտարարել էր Հայաստանի տրանսպորտի և կապի այն ժամանակվա նախարար Անդրանիկ Մանուկյանը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ արձագանքը
Ավելի ուշ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից արձագանքեցին․ - «Հայաստանի Հանրապետության պետբյուջեից չեն փոխհատուցվում ՀԿԵ ՓԲԸ «վնասները»: Բյուջեից փոխհատուցվում են միայն երկաթուղային ներհանրապետական ուղևորափոխադրումների գծով կրած կորուստները»:
Տեղեկացնելով, որ 2014թ․ հունվարի 1-ի դրությամբ 2009-2013թթ. ընթացքում ուղևորափոխադրումներից վնասների փոխհատուցման գծով կուտակված պետության ընդհանուր պարտքը կազմում է 818,8 միլիոն դրամ՝ ընկերությունը հավելում է, որ 2008-ից առ այսօր «Հարավկովկասյան երկաթուղին» պետբյուջե է փոխանցել ավելի քան 1․7 միլիարդ դրամի կոնցեսիոն վճար, որը «հիմք է հանդիսանում ուղևորափոխադրումներից առաջացած փոխհատուցումների ֆոնդը ձևավորելու համար»:
Բացի այդ, ընկերությունը վճարել է 25.6 միլիարդ դրամի հարկ և Հայաստանի երկաթուղային համակարգի զարգացմանն է ուղղել մոտ 100 միլիարդ դրամ: