Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չծրագրված անակնկալ այցով այսօր ժամանել է Մոսկվա, որտեղ կարճատև հանդիպում է ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հանդիպումից հետո Օլանդը հայտարարել է, որ Պուտինին հանդիպել է «Վնուկովո» օդանավակայանի դիվանագիտական տերմինալում։
«Պարոն նախագահը և ես որոշեցինք, որ պետք է քննարկենք ուկրաինական ճգնաժամը»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը։
Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և հույս ունի, որ հրադադարը իրականություն կդառնա, տեղի կունենա գերիների փոխանակում։
Նախքան այս չծրագրված հանդիպումը, ղազախստանյան երկօրյա այցից հետո Մոսկվա ժամանած Ֆրանսիայի նախագահը ասել է.- «Լինում են պահեր, երբ մենք պետք է հնարավորություններ փնտրենք։ Սա այդպիսի մի պահ է»։