Ծառուկյանը հանդիպել է համաժողովրդական շարժման գրասենյակների ներկայացուցիչների հետ

Գագիկ Ծառուկյանը Ազատության հրապարակում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավորներն ու համաժողովրդական շարժման գրասենյակների ներկայացուցիչներն այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցությունն են անցկացրել:

«Կենտրոն» հեռուստաընկերությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կուսակցության ներկայացուցիչներն ամփոփել են գրասենյակների կատարած աշխատանքներն ու քննարկել առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև երկրում ստեղծված տնտեսական իրավիճակին ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին:

«Բոլորի ուզածն է, որ իրենց կյանքում փոփոխություն լինի։ Բոլոր պաշտոնյաներն էլ պետք է իմանան, որ ոչ մեկի պաշտոնը մշտական չէ, ոչ մեկի պապական սեփականությունը չէ։ Եթե իրենց պարտավորությունները չեն կարողանում իրականացնել, ուրեմն իրենց տեղը պետք է զիջեն նրանց, ովքեր կարող են այդ ծրագիրը իրականացնել, և ժողովուրդը արժանապատիվ ապրի»,- ասել է Ծառուկյանը։

ԲՀԿ-ի առաջնորդը նաև նշել է, որ իրենց ամեն օր միանում են նոր քաղաքական ուժեր, անհատներ, հասարակական կառույցներ։