Չիկագոյից մինչև Մինեապոլիս ընկած հատվածում՝ մեծաթիվ քաղաքներում հինգշաբթի օրը մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ բողոքելու Նյու Յորքի դատարանի որոշման դեմ, որը անմեղ էր ճանաչել սևամորթ Էրիք Գարներին սպանած ոստիկանին։ Այս դեպքը մեկ անգամ ևս վեր է հանում այն փաստը, որ ոչ սպիտակամորթ մարդկանց նկատմամբ ոստիկանության կողմից շատ հաճախ ցուցաբերվում է չափից ավելի մեծ ուժ։
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլասիոն ասել է, թե քաղաքի ոստիկանությունն եռօրյա հավելյալ մարզումներ է անցկացնելու, որպեսզի կանխվի ուժի անհարգի կիրառման հնարավորությունը, ինչպես նաև վստահություն ներշնչի բնակիչներին, որ բոլորին կվերաբերվեն հավասարության սկզբունքով։
Քաղաքագլխի խոսքերով, մարդիկ պիտի իմանան, որ հատկապես այս օրերին ոստիկանությունն ամեն ինչ անելու է խուսափելու համար որևէ անհարգի ուժի կիրառումից։ Ամեն ինչ արվելու է, որ չգրանցվի մահացության որևէ դեպք։
Նոյեմբերին Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում ոստիկանի արձակած կրակոցներից զոհվել էր ձեռքին կեղծ զենք կրած 12-ամյա Թամիր Ռայսը։ Ըստ ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարության, անցած երկու տարիներին ոստիկանության կողմից բանեցվել է չափից ավելի մեծ ուժ։ Գլխավոր դատախազի խոսքերով, ոստիկանության այս բաժանմունքի նկատմամբ իրականացվելու է հսկողություն դաշնային ծառայությունների կողմից։
Քաղաքացիական իրավունքների պաշտպան խմբերը նախատեսում են դեկտեմբերի 13-ին համազգային բողոքի ցույց անցկացնել մայրաքաղաք Վաշինգտոնում։