ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի պաշտպանության նախարարությանն անցյալ տարի տվել էր բանակում սեռական անհարգի կապերի մասին հաշվետվություն կազմելու հրահանգ։
Նախարարության կողմից այս տարի ներկայացված զեկույցի համաձայն, նման գործողությունները բանակում նկատելիորեն կրճատվել են։ Սակայն մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, թե Պենտագոնը դեռևս շատ հեռու է այս խնդիրը լիովին լուծելուց։
Պենտագոնի հրապարակած հաշվետվության հիման վրա կազմված տվյալներով՝ 2012 թվականի 26 հազարի դիմաց այս տարի գրանցվել է սեռական բռնությունների 19 հազար դեպք։ Ավելացել է նաև ներկայացված բողոքների թիվը։ Եթե երկու տարի առաջ բողոքել էր բռնության ենթարկված 10 անձանցից մեկը, ապա այս տարի՝ յուրաքանչյուր 4-ից 1-ը։
ԱՄՆ-ի օդային ուժերի նախկին գլխավոր դատախազ գնդապետ Դոն Քրիսթնսոնը, որն այսօր ղեկավարում է «Պաշտպանենք մեր պաշտպաններին» կազմակերպությունը, ասում է, թե 2011 թվականից ի վեր ավելի մեծաթիվ տուժողներ են իրենց դեմ իրագործված բռնությունների մասին հայտնում գաղտնաբար։ Սա, ասում է նա, նշանակում է վստահության պակաս բանակի հրամանատարության նկատմամբ։
Կան տեղեկություններ նաև այն մասին, որ սեռական բռնությունների ենթարկված կանանց 60 տոկոսը այդ մասին զեկուցելուց հետո արժանանում են իրենց ընկերների արհամարհանքին։
Այդ պատճառով է նաև, որ սեռական բռնությունների 19 հազար դեպքից այս տարի գործեր են հարուցվել միայն 175-ի դեպքում։
Գնդապետի խոսքերով, հանցագործը գիտի, որ ինքը հավանաբար չի դատապարտվելու, իսկ տուժողն էլ հասկանում է, որ բողոքելու դեպքում իր նկատմամբ կարող են ավելանալ բռնությունները։
Այս տեղեկություններն արժանանում են ԱՄՆ-ի օրենսդիրների կողմից տարբեր գնահատականների, ովքեր առաջարկում են խնդրի լուծման տարբեր եղանակներ։ Նրանց մեծամասնությունը կարծում է, որ բանակում սեռական բռնությունների դեմ պայքարի գլխավոր միջոց կարող է դառնալ այն օրենքը, որի համաձայն, բանակում հարուցված նման գործերի դատավարությունը պետք է հանձնվի ոչ թե ռազմական հրամանատարությանը, այլ անկախ փաստաբանների։