Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Բազելում

Բազելում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։

Դեկտեմբերի 4-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը ներկա է գտնվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Նալբանդյանը և Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյան հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ։

Նախարար Նալբանդյանի և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը։

Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի, Էստոնիայի, Մալթայի, Ռուսաստանի արտգործնախարարների հետ։

Էդվարդ Նալբանդյանը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը գոհունակություն են հայտնել դեկտեմբերի 4-ին Եվրասիական միության հիմնադրման մասին փաստաթղթին Հայաստանի միացման վերաբերյալ պայմանագրի` ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացման կապակցությամբ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն։