Ադրբեջանում ցանկանում են կալանավորել «Ազատության» լրագրողին

Խադիջա Իսմայլովան ժամանում է դատարան

Ադրբեջանում դատախազությունը պահանջում է կալանավորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայլովային:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Իսմայլովային դատախազություն են կանչել այսօր առավոտյան: Այստեղ դատախազը հանդես է եկել նրան կալանավորելու միջնորդությամբ, և Իսմայլովան կանչվել է Բաքվի դատարան՝ ներկա լինելու միջնորդության քննությանը:

Լրագրողի ընկերները հաստատել են, որ նրան դատախազություն են կանչել Թուրալ Մուստաֆայեվի գործով, ով փորձել է ինքնասպանություն գործել:

Իսմայլովայի պաշտպան Էլթոն Գուլիևը կարծում է, որ դատարանը կալանքի որոշում կկայացնի:

Լրագրողը խնդրել է բարեկամներին բերել իր դեղերը և հագուստը:

Հիշեցնենք, որ Իսմայլովան մեղադրվում է նաև զրպարտության մեջ: Նախկինում ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլման Հասանովը, ով հայտնի է որպես Էլման Թյուրքօղլու, Խադիջա Իսմայլովայի դեմ գործ է հարուցել՝ մեղադրելով լրագրողին զանգվածային լրատվամիջոցներում ու սոցցանցերում իր մասին զրպարտանք տարածելու մեջ: Ըստ հիշյալ գործչի՝ խոսքը, մասնավորապես, Խադիջայի տարածած այն տեղեկատվության մասին է, որ Հասանովը գաղտնի համագործակցել է Ազգային անվտանգության նախարարության սպայի հետ, օգտագործել է թմրանյութեր և սեռական կապերի մեջ է եղել ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդկանց հետ: