Նախագահը կոչ արեց ավելացնել ջանքերը տնտեսության վրա արտաքին բացասական ազդեցությունը մեղմելու համար

Your browser doesn’t support HTML5

Նախագահը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող շարժվել հոսանքին հակառակ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կոչ արեց Կառավարությանն ու Կենտրոնական բանկին ավելացնել ջանքերը տնտեսության վրա արտաքին բացասական ազդեցությունը մեղմելու, իսկ ճշգրտումները սահուն իրականացնելու համար։

Նշելով, որ Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր Ռուսաստանում տնտեսական իրավիճակը վատթարացել է, դոլարի նկատմամբ տարվա սկզբից ռուբլին արժեզրկվել է ավելի քան 40 տոկոսով, իսկ Եվրամիությունում նախորդ երկու տարիներին գրանցված անկումից հետո «այս տարի էական վերականգնում չի ակնկալվում», նախագահը Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը չի կարող շարժվել հոսանքին հակառակ։

«Այն, ինչ տեղի է ունենում գլոբալ տնտեսությունում, իր արձագանքը պետք է գտնի նաև մեր երկրում և մեր տնտեսական ցուցանիշներում։ Այնուամենայնիվ Հայաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկը (ԿԲ) պետք է ավելացնեն ջանքերը՝ արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունները մեր տնտեսության վրա մեղմելու և անհրաժեշտ ճշգրտումները սահուն իրականացնելու համար», - ասաց նախագահը։

Նախորդ երկու շաբաթներին դրամի կտրուկ արժեզրկումն աննախադեպ էր վերջին տարիների համար և շոկ առաջացրեց շուկայում: ԱՄՆ մեկ դոլարը 410 դրամից հասավ 465 դրամի, իսկ բանկերը սահմանափակումներով են արտարժույթ վաճառում քաղաքացիներին:

Ներկայացնելով տվյալներ, թե ԱՄՆ դոլարը նախորդ դեկտեմբերից ի վեր ինչպես է ամրապնդել իր դիրքերը աշխարհի շատ արժույթների՝ ներառյալ եվրոյի, շվեյցարական ֆրանկի, բրիտանական ֆունտի նկատմամբ,Սերժ Սարգսյանը բերեց նաև վրացական լարիի օրինակը. անցած դեկտեմբերից դոլարի նկատմամբ լարին արժեզրկվել է 8.9 տոկոսով։

«Վրաստանի օրինակը շատ պատկերավոր ձևով հերքում է բոլոր այն մարդկանց ասած վարկածները, ըստ որի՝ Հայաստանում դրամի արժեզրկման հիմնական պատճառը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն է: Իսկ այդ դեպքում, Վրաստանում ինչու՞ է լարին արժեզրկվում. Վրաստանը ստորագրել է Ազատ առևտրի մասին պայմանագիր: Իսկ ինչու՞ մնացած երկրներում էլ են ազգային արժույթներն արժեզրկվում»,- ասաց Սարգսյանը։

Հայաստանի նախագահի խոսքով՝ ներկա գլոբալ տնտեսությունում առկա անորոշությունների պարագայում Հայաստանի համար կարևորագույն մարտահրավերը մնում է երկարաժամկետ կայուն տնտեսական աճի համար հիմքերի ստեղծումը։

«Տնտեսապես շահավետության տեսանկյունից ներկայումս մեր երկիրն ունի օբյեկտիվ սահմանափակվածություն, և դա հիմնականում մեր տնտեսության փոքր ծավալներն են, սակայն վստահ եմ, որ ԵՏՄ անդամակցությամբ այս խնդիրը լուծելի է դառնում, քանի որ Հայաստանը դառնալու է ԵՏՄ տնտեսական տարածքի մաս, և դրա հաշվին մեծանալու է ներդրողների շարժառիթները մեր երկրում ներդրումներ կատարելու»,- նշեց նա։

«Առավել ևս, որ ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից շատ մեծ հեռանկարներ են բացվում գործունյա մարդկանց համար»,- հավելեց Սերժ Սարգսյանը:

Քոչարյանի օրոք արտաքին գործոններն են ապահովել երկնիշ տնտեսական աճը

Ի դեպ, այսօրվա ելույթում, անդրադառնալով իր նախագահությանը նախորդած տարիներին գրանցված երկնիշ տնտեսական աճին, նախագահը նշեց, որ նման աճի պատճառը արտաքին գործոններն էին։

«Համաշխարհային բարձր տնտեսական աճի միջավայրում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը, հանքահումքային ապրանքների միջազգային գների աճի հաշվին արտահանումը և արտասահմանում ապրող և աշխատող մեր հայրենակիցների կողմից դրամական փոխանցումների աճող ծավալներն այն գործոններն էին, որ ապահովում էին արձանագրվող երկնիշ տնտեսական աճը»,- ասաց Սարգսյանը։

ԵՏՄ հանձնաժողովի անդամը ռուս-բելառուսական հակասությունների մասին

Նախագահը այսօր ելույթ էր ունենում Արդյունաբերողների և գործարարների միության 7-րդ համագումարում։ Կեսօրից հետո համագումարի հյուրն էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսական հարցերով անդամ Տատյանա Վալովայան:

Ընդմիջմանը նրան խնդրեցինք մեկնաբանել՝ ինչո՞ւ է Մաքսային միության անդամ Ռուսաստանն արգելում բելառուսական մթերքների մուտքը իր շուկա, ինչը, ըստ նախագահ Լուկաշենկոյի, խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Հասկանում ենք, որ պետք է ուշադրությամբ դիտարկել ռուսական կողմի կայացրած որոշումների պատճառները ու երևի բելառուսական կողմի հետ վերլուծել, թե որո՞նք էին ռուսական կողմի նման արձագանքի իրական պատճառները: Անկեղծ ասած, մենք հանձնաժողովում այդ հարցերը նախնական դիտարկման ենք ենթարկել և մեր եզրակացությունն է՝ նման իրավիճակը ապացուցում է, որ դեռ ոչ բոլոր ոլորտներում ենք պայմանավորվել ինտեգրացիոն ջանքերի շուրջ»,- ասաց Վալովայան։