Ադրբեջանը ոչ միայն վերացական է դարձնում վստահության ամրապնդման ուղղությամբ քայլերը, այլև պարբերաբար սադրանքներ է կազմակերպում` խիստ ավելացնելով լարվածությունը, Բազելում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի երկրների արտգործնախարարների առջև:
Շվեյցարիայում անցկացվող Նախարարական խորհրդի 21-րդ նիստում հնչեցրած իր ելույթում Նալբանդյանը, ըստ Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության, ընդգծել է, որ որքան նավթից ստացած եկամուտները հարստացնում են Ադրբեջանի բյուջեն, այնքան ավելի շատ ռազմամթերք է ձեռք բերում Բաքուն:
«Անցած տասնամյակում, այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը հորից ժառանգեց իշխանությունը, Ադրբեջանի ռազմական ծախսերն ավելացել են մոտ 30 անգամ` 2015 թվականին հասնելով 4.8 միլիարդ դոլարի: Ադրբեջանի անհամաչափ ռազմական ծախսերը և զինամթերքի ձեռքբերումը իրական վտանգ են ներկայացնում տարածաշրջանի և միջազգային անվտանգության համար», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:
Հիշեցնելով, որ այս տարի լրանում է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի համաձայնագրի 20-րդ տարին, Նալբադյանը նշել է. - «Չնայած միջազգային հանրության հորդորներին` Ադրբեջանն արել է ամեն ինչ` հրադադարի ռեժիմը ապակայունացնելու համար: Շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունները հանգեցրել են մեծաթիվ մարդկային կորուստների և էականորեն սրել լարվածությունը: Անցած տարիների ընթացքում մեր դիվանագիտությունը` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք համանախագահների հետ, ջանքեր չի խնայել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը գտնելու համար: Չնայած երեք երկրների ինտենսիվ ջանքերին` անցած վեց տարիների ընթացքում հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել, քանի որ Ադրբեջանը մեկը մյուսի ետևից մերժել է միջնորդների առաջարկները»:
«Հայաստանը շարունակում է հավատալ, որ համանախագահող երկրների համատեղ հինգ հայտարարություններում նշված տարրերը կարող են հիմք դառնալ խնդրի արդար և երկարատև լուծման համար: Մենք կիսում ենք համանախագահող երկրների դիրքորոշումը, որ այս տարրերը պետք է ընդունվեն որպես մեկ միասնություն, և որ դրանցից որևէ մեկին նախապատվություն տալը կարող է անհնարին դարձնել խնդրի հավասարակշռված լուծումը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: