Ավելի քան մեկուկես տարի առանց աշխատավարձի ապրող նաիրիտցիներն ասում էին, թե Բաղրամյան-26-ի դիմաց են հավաքվել, որպեսզի Սերժ Սարգսյանին հիշեցնեն ու պահանջեն՝ տեր կանգնել «դեպի ապահով Հայաստան» խոստմանը։
«Նա սուտ ա ասում, ապահով Հայաստան չկա, ես էսօր ունեմ 4 երեխա, էսօր իմ կարգավիճակը էնքան ծանր ա, որ ոչ ոք չգիտի», - ասաց գործարանի աշխատակիցներից մեկը:
Ազգային Ժողով, Կառավարություն, նախագահի նստավայր, վերջին 4 տարիներին նաիրիտցիները գործարանի փոխարեն ավելի շատ այս կառույցների մոտ են հերթապահում՝ միշտ նույն պահանջով․ վերադարձրեք մեր վաստակածը։
Նաիրիտցիների այսօրվա վանկարկումները կրկին մնացին անպատասխան։ Աշխատակիցներից 4-ին ընդունած Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կրկնել է օրեր առաջ Էներգետիկայի ևբնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունը, թե ամբողջական աշխատավարձերի մարման համար այսօր իրավական հիմքեր չկան։
«Մինչև ակցիաները բաժնետոմսերը մեր, դրսից էդ 90 տոկոսը ում ձեռքին է, հետ չվերցնի կառավարությունը, աշխատավարձերի պարտքի մարումը չի լինի», - ասաց գործարանի աշխատակիցներից մեկը:
«Նաիրիտի» արհմիության ղեկավարի խոսքով, նախագահականից խոստացել են մինչև տարեվերջ փոխանցել մեկ ամսվա աշխատավարձ։
Հարկադիր պարապուրդի մատնվածները Սերժ Սարգսյանին հեռակա կարգով նաև այլ տարբերակներ էին առաջարկում․ - «Ինչքան մենք ունենք ղեկավարություն, իրանց թիկնապահներից մի – մի հոգի հանեն, ամբողջ «Նաիրիտի» պարտքերը կփակեն, իրանց բենզինի ծախսերը կրճատեն, ելք ու մուտքը արտասահման քիչ լինի»:
Նաիրիտցիները վստահեցնում են, որ 18 ամսվա չստացած աշխատավարձն արդեն իրենց մի քանի տարվա պարտքերի տակ է գցել: Թռիչքային գնաճն ու դրամի արժեզրկումն էլ կրկնապատկել են այդ բեռը։
Նաիրիտցիներին քաջալերելու, իշխանություններին էլ սթափության կոչ հղելու էր եկել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա համոզմամբ, եթե իշխող մեծամասնությունը շարունակի անտարբերութան մատնել բողոքի այս ցույցերը, սոցիալական ամենատարբեր խնդիրներով ընդվզողները մի օր կմիավորվեն ինչին Սերժ Սարգսյանն այլևս դիմակայել չի կարող։
Հուսահատ նաիրիտցիները հեռացան, բայց հայտարարեցին, որ այսօրվանից սկսում են ամենօրյա հավաքները։ Վաղն առավոտյան պատկան մարմիններին տեսնելու ակնկալիքով կփակեն «Նաիրիտ» գործարանին հարակից ճանապարհը։